Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի կայուն խաղաղություն: Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Հաղորդում է Trend գործակալությունը:
Պատասխանելով հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մասին հարցին` Մոնյեն ասել է, որ լարվածության թուլացման առումով կարևորում է Վիենայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպումը:
«Հակամարտության կողմերը պետք է հրաժարվեն սադրանքներից, որոնք սրում են իրավիճակը և ավելի բարդացնում այն», — ասել է Մոնյեն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում մեծացել են Ադրբեջանի կողմից սադրանքները հայ-ադրբեջանական շփման գծում, ինչի հետևանքով հայկական կողմը կորցրել է երկու զինվոր: Կան զոհեր նաև ադրբեջանական կողմից: Ադրբեջանը պատասխանատվությունը փորձում է գցել հայկական կողմի վրա` միջազգային հանրությանը ներկայացնելով, որ Հայաստանն է դիմում սադրանքների: