Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը հերքել է այն տեղեկությունը, թե համաձայնության է եկել Ֆրանսուա Օլանդի հետ՝ այս իրավիճակից համատեղ ելք գտնելու հարցում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Ուրբաթ օրը պաշտպան Ֆրեդերիկ Ժիֆարն ասել է, որ Օլանդն ու Տրիերվեյլերը քննարկում են համատեղ հանրային ելույթով իրավիճակը բացատրելու հնարավորությունը: Փաստաբանը նաև հավելել էր, որ իր պաշտպանյալը (Տրիերվեյլերը) նույնպես ցանկանում է, որպեսզի խնդիրը լուծվի:
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել են, որ առաջին տիկինը մտադիր է հրաժարվել Ժիֆարի ծառայություններից, քանի որ վերջինս չի համաձայնեցրել այդ հայտարարությունը իր հետ:
Հիշեցնենք, որ նախագահական ընտանիքի շուրջ սկանդալը ծագել էր այն ժամանակ, երբ Closer ամսագիրը իր էջերում հրապարակել էր նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի ժյուլի Գայեի սիրավեպի մասին լուսանկարներ: