Ֆինանսական բուրգերը 90-ականներին մեծ աղմուկ հանեցին և թվում էր, թե մարդիկ կդադարեն լսել դրանց մասին: Սակայն վերջին ամիսներին Երևանում բացվում են գրասենյակներ, որոնք զբաղվում են նույն աշխատանքով, ինչով որ հայտնի ֆինանսական բուրգերը: Այս և ֆինանսական բուրգերի մասին այլ հարցերի շուրջ Araratnews.am-ի լրագրողը զրուցել է տնտեսագետ Արսեն Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, ֆինանսական բուրգերի մասին համացանցում տեղեկությունների պակաս կարծես թե չի զգացվում, ընդ որում գրեթե ամենուր դրանք բացասական կերպով են ներկայացվում: Ի՞նչ տեղեկություն կտաք դրանց հայաստանյան գործունեության մասին:
-Հայաստանում բաց տեքստով ֆինանսական բուրգ կարծես թե չկա, մի գուցե համացանում դրանով զբաղվողներ կան, բայց բացահայտ կարծես թե չեն գործում:
-Ի՞նչ մեխանիզմով են աշխատում ֆինանսական բուրգերը:
-Ֆինանսական բուրգերն աշխատում են նոր մասնակիցների ներգրավմամբ, այսինքն նոր մասնակցի ներդումը բաշխվում է իրենից առաջ ներգրավվածների միջև: Հիմնականում եկամտի աղբյուրը թաքցվում է, որը խարդախություն է: Բոլորին քաջ հայտնի МММ-ը վաճառում էր МММ ակցիաներ, այդ գումարը բաշխում ավելի վաղ ակցիաներ գնած մասնակիցների միջև: Իսկ ամենատխուր պատմությունը տեղի է ունեցել Ալբանիաում՝ 1996-1997 թվականներին: 7 խոշոր ֆինանսական բուրգ ներգրավել են շուրջ 2 մլդ դոլար, որը կազմում էր Ալբանիայի ՀՆԱ-ի 30 %-ը: 1997 թ.-ին բուրգերի փլուզումից հետո, կառավարությունը ստիպված ներգրավեց բանակը, որպեսզի հանդարտեցնի անկարգությունները՝ խաբված ներդրողների մասնակցությամբ: Բախումների ընթացքում եղան բազմաթիվ զոհեր, իսկ կառավարությունը, Ալեքսանդր Մեքսի գլխավորությամբ, հրաժարական տվեց:
— Հայաստանի օրենսդրական դաշտում ֆինանսական բուրգերի գործունեության մասին որևէ սահմանափակում կա արդյո՞ք:
— Ֆինանսական բուրգի գործունեությունն անարգել գործում է միայն 39 երկրներում, որոնց թվին Հայաստանը չի պատկանում: Բայց ֆինանսկան բուրգերի գործունեությունը կարելի է անուղղակի սահմանափակել՝ այն ձևակերպելով որպես խարդախություն: Վերջին մեթոդը գործում է Ռուսաստանում:
— Ասացիք, որ Հայաստանում բաց տեքստով գործող ֆինանսական բուրգեր չկան, իսկ ինչպե՞ս են գործում:
— Քանի որ ֆինանսական բուրգերն արգելված են, նրանք տրանսֆորմացվել և գործում են ցանցային մարկետինգի անվան տակ: Ցավոք, վերջինս սկսել է տարածվել Հայստանում:
— Իսկ ինչպե՞ս կարելի խուսափել խաբեությունից:
-Վերը նշված երևույթների սահմանը շատ լղոզված է և տարբերելը ահագին բարդ է: Բայց որոշ հատկանիշներ կարելի է առանձնացնել: Օրինակ՝ կոնկրետ ապրանքների ուղղակի վաճառք իրականցվում է, թե ոչ, ինչպիսի պահանջարկ ունեն, իրական սպառման պահանջարկով ձևավորված գնից ինչքան են տարբերվում, նախնական ներդրումը մեծ է, թե ոչ և այլն:
— Ասացիք, որ ցավոք Հայաստանում այս տարբերակը տարածվում է, կարող ե՞ք օրինակ բերել:
-Վերջին շրջանում Հայաստանում հայտնվել են կազմակերպություններ որոնք իրենց ներկայացմամբ զբաղվում են լյուքս դասի ապրանքների վաճառքով, իսկ մասնակիցներին հնարավորություն են տալիս զբաղվել ազատ գրաֆիկի աշխատանքով, որին բիզնես են անվանում: Իրենք թույլ չեն տալիս իրենց վաճառված ապրանքների վերավաճառքը, այսինքն սահմանափակում են իրենց ապրանքների սպառման պահանջարկով ձևավորվող գինը, սկզբնական գինը շատ բարձր է, վաճառվող ապրանքները չունեն մեծ պահանջարկ, ուղղակի վաճառք չի իրականացվում: Այսինքն, իմ վերը նշած բոլոր հատկանիշները առկա են:
— Որքա՞ն մարդ է Հայաստանում ներգրրաված
-Որոշ կազմակերպությունների հայտարարած թվերով մոտ 10.000, որը մինիմալ հաշվարկով նշանակում է 6 մլն դոլարի արտահոսք Հայաստանից:
— Ինչպե՞ս կարելի է պայքարել նման երևույթի դեմ:
-Պայքարը երկու վեկտոր ունի՝ առաջինը ԶԼՄ-ների միջոցով իրազեկելը դրա վտանգավորության և ռիսկայնության մասին, իսկ երկրորդը պետության ուղղակի ներգործությունը՝ սահմանափակելու միջոցով:
Արմեն Մկրտչյան