17-ամյա ֆիլիպինցի գեղասահորդ Մայքլ Քրիստիան Մարտինեսի մայրը դիմել է ծայրահեղ քայլերի, որպեսզի իր որդին կարողանա մասնակցել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին. նա գրավ է դրել սեփական տունը և այդ կերպ ֆինանսավորել տղային։
Սակայն տունը գրավ դնելուց առաջ Մարտինեսի մայրը՝ Մարիա Թերեզա Մարտինեսը, դիմել է երկրի նախագահ Բենիգնո Ակինո III-ին, որպեսզի վերջինս ֆինանսավորի տղային, սակայն մերժում է ստացել։
«Որոշեցի տունս գրավ դնել, որպեսզի տղաս կարողանա մասնակցել խաղերին։ Անգամ վստահ չեմ, որ նախագահի աշխատակազմում որևէ մեկը տեղյակ է, որ մեր երկիրը ներկայացնելու են Օլիմպիական խաղերում», — գեղասահորդի մոր խոսքերը մեջբերում է Sports.ru-ն։
Իսկ ինչ վերաբերում է Մայքլ Մարտինեսին, նա այսօր կայացած մենասահքի կարճ ծրագրում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականն ու վաղը մեդալների համար պայքարելու հնարավորություն ստացել։