ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ամենամյա ուղերձով հանդես է եկել ԱՄՆ կոնգրեսում։ Նա անդրադարձել է ԱՄՆ-ին հուզող մի շարք ներքին և արտաքին հիմնախնդիրների։ Խոսելով Իրանի շուրջ ծավալվող զարգացումների մասին՝ նա ասել է, որ մտադիր է վետո կիրառել, եթե ԱՄՆ խորհրդարանականները որոշեն նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Եթե կոնգրեսը նոր պատժամիջոցների մասին օրենք ընդունի, ապա ես կօգտվեմ վետոյի իրավունքից։ Մեր ազգային անվտանգության համար մենք պետք է դիվանագիտությանը հնարավորություն տանք։ Եթե իրանցի առաջնորդները չօգտվեն այս հնարավորությունից, ապա ես առաջինը կլինեմ, ով կոչ կանի ավելացնել պատժամիջոցները և ամեն հնարավորը կանեմ, որպեսզի Իրանը չստեղծի միջուկային զենք»,- ասել է Օբաման։
ԱՄՆ նախագահը նաև չի բացառել, որ Իրանի հետ բանակցությունները կարող են հաջողության չհասնել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կոնգրեսը մտադիր է առաջիկայում նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։