Վերջին օրերին Ադրբեջանական զինուժը սահմանում իր սադրիչ գործողությունները ակտիվացրել է: Հայկական կողմն ունի արդեն երկու զոհ: Հայկական կողմը համարժեք պատասխան տվել է ադրբեջանական սադրանքին, սակայն դա մեզ համար չի կարող լուծում լինել: Հետաքրքիր է, որ այս ֆոնին հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Դեռ հասարակության համար պարզ չէ արդյոք կողմերը քննարկե՞լ են Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք վնասում են բանակցությունների վերսկսմանը, թե չնկատելու են տալիս այն հանգամանքը, որ սահմանին երիտասարդներ են զոհվում: Ադրբեջանական սադրանքների և հնարավոր բանակցությունների վերաբերյալ AraratNews.am-ը զրուցեց Եվրոպահայերի միության նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:
Պարոն Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջանի նման պահվածքի պարագայում պետք է դադարեցվեն բանակցությունները և պետք է տասնապատիկ ավելի պատասխան տրվի ադրբեջանական սադրանքներին.«Ազերիների ոտնձգություններին ես կպատասխանեի տասնապատիկ առավել և կստիպեի, որ ունենան տասնապատիկ ավելի զոհեր, կորուստներ ունենալով ապաշխարել և խելքի գալ: Իհարկե անմիջապես կդադարեցնեի բոլոր բանակցությունները և կդիմեի Սփյուռքի բոլոր խոշոր կառույցներին խնդրանքով՝ կազմակերպել հզոր լոբինգ և ներկայացնել իրականության ճշմարիտ դեմքը»,-ասաց մեր զրուցակիցըˋ ավելացնելով, որ այս պարագայում հակառակորդը ավելի կհարգեր մեզ և այլևս նման ոտնձգություն չէր իրականացնի: Աշոտ Գրիգորյանը, սակայն կասկածում է, որ կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ, որոնք թույլ չեն տալիս Հայաստանին ազատ գործել.« Մի կարևոր հանգամանքն այն է, որ երկու երկրների նախագահներն էլ ոչ լեգիտիմ են, և նրանց այսպիսի իրավիճակը ձեռնտու է: Այսօրվա քաղաքական խորը ճգնաժամի պահին Ալիևը կարծես «ձեռք է մեկնում» իր կոլեգային, և տեսեք ինչ վարպետությամբ շեղում է ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից: Սա հավասարապես վերաբերվում է երկու կողմերին էլ: Գուցե Հայաստանի նախագահը պարտավորություններ ունի նաև այլ ուժերի՝ համաշխարհային գերերկրներից ոմանց առջև և աշակերտի նման կատարում է իր պարտականությունները՝ մի կողմ թողնելով այս պահին հակահարված տալու խիստ անհրաժեշտությունը:Մնում է կռահել պասիվության իրական պատճառները և գտնել դրա բանալին: Այնուամենայնիվ, պարտավոր ենք հասկանալ մի կարևոր բան. կայացնել միանձնյա որոշումներ ժողովրդի համար կենսական կարևոր պահերին, այն է՝ մտնել-չմտնել ՄՄ, պատասխանել, թե չպատասխանել թշնամու լկտի ոտնձգություններին, ԵՄ-ին տարիներով խոստանալ բարեկամություն և վստահություն հայցել ու հետո մեկ գիշերվա մեջ, հակառակ քայլերն անելով, կորցնել այդ վստահությունը, այս բոլորը զավեշտալի է թողնել մեկ մարդու վրա և հետո զարմանալ, որ նա կատարում է սխալը սխալի հետևից: Ընդ որում այդ մարդը՝ երկրի նախագահը, բազմիցս ապացուցել է, որ նա չունի արհեստավարժ խորհրդատուներ և իրեն շրջապատել է ցածր մակարդակի և կասկածելի ուղեղի ու փորձի տեր օլրիգարխներով: Նման իրավիճակում միայն ժողովրդական ընդվզումի ալիքը կստիպի նախագահին հասկանալ և ընկալել այն, ինչ պահանջում է ժողովուրդը և թելադրում է առողջ բանականությունը»,-եզրափակեց իր խոսքը Աշոտ Գրիգորյանը: