Փետրվարի 18-ին կլրանա նախագահական ընտրությունների մեկ տարին: 2013 թվականի նախագահական ընտրությունները առանձնանում են մյուս բոլոր ընտրություններից նրանով, որ չնայած ընդդիմության պառակտված լինելուն, հասարակությունը կարողացավ համախմբվել և իր ձայնը տալ իր նախընտրած թեկնածուին: Ինքնաառաջադրված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց այնքան ձայն, որքան չէր հավաքել և ոչ մի ընդդիմադիր թեկնածու նորանկախ Հայաստանի պատմության ընթացքումˋ նա հավաքեց ավելի քան կես միլիոն ձայն:
Այս օրերին շատ քննարկվեց այն թեման, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդանշական այդ օրը հանրահավաք կհրավիրի, թե ոչ:
«Ժառանգություն» կուսակցությունից լրատվամիջոցներին տեղեկացրել էին, որ հնարավոր է հանրահավաք հրավիրի, սակայն ինչպես երեկ հայտնի դարձավ, Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք չի հրավիրի, այլ քաղաքի հյուրանոցներից մեկում հանդես կգա զեկույցով: Այս մասին AraratNews.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.«Հանրահավաք չի լինելու: Պարոն Հովհաննիսյանը հանդես կգա զեկույցով «Անի Պլազա» հյուրանոցի սրահներից մեկում»: