Տրանսպորտի թանկացման իշխանությունների փորձն ինչպես տեսանք, ձախողվեց: Ամռանը երկրում սկսված քաղաքացիական շարժումը ձնագնդի էֆեկտով օրեցօր թափ էր առնում, ու իշխանությունների համար էլ ակնհայտ էր, որ ամեն բան իրենց դեմ է ու ոչ ձեռնատու սցենարով է գնում, այս շարժումը վերահսկելն անհնար է դառնում: Ուստի Սերժ Սարգսյանի վարչախումբը գործի դրեց իր տարոնսիրունչիական մոտեցումը, և ժամանակավորապես հետաձգվեց թանկացումը: Սակայն այս ամիսներին իշխանություններն արեցին ամեն բան, որպեսզի կաթվածահար անեն քաղաքային տրանսպորտը` թանկացումների համար հիմք նախապատրաստելով: Բազմաթիվ 5-6 րոպեանոց ինտերվալով շարժվող երթուղային տաքսիներ այսօր շարժվում են 12-20 րոպե ինտերվալով: Վարորդներն անհատական զրույցներում հաստատում են, որ կա հրաման, պետք է հնարավորինս տհաճ դարձնեն քաղաքային տրանսպորտից մարդկանց օգտվելը, որպեսզի այդ խնդիրների լուծումով պայմանավորեն թանկացումներ: Սակայն խնդրի տուժող կողմը միայն ժողովուրդը չէ, որքան էլ զարմանալի է: Գծատերերից շատերը, ովքեր չունեն քաղաքական որևէ հենարան, որևէ օլիգարխի չեն սպասարկում, կանգնել են փաստի առաջ: Ամիսներ առաջ, քաղաքապետարանը նրանց ստիպել է վարկով վերցնել նոր ավտոբուսներ` բավական թանկ արժողությամբ, և հիմա չկարողանալով փակել իրենց վարկերը, նրանք էլ իրենց հերթին են արդարացնում թանկացնելու որոշումը: Ամիսներ առաջ, անգամ բողոքի երթ կազմակերպեցին դեպի քաղաքապետարան՝ պահանջելով անհապաղ բարձրացնել տրանսպորտի ուղեվարձերը: Ստացվում է, որ իշխանությունները հետևելով հին ու բարի գործելաոճին, ժողովրդի երկու կողմերին հանում են միմյանց դեմ ու հրճվում բախումներից: Ինչ խոսք, քաղաքակիրթ երկրներում տրանսպորտը պետական վերահսկողության ներքո է գտնվում, և որևէ մեկը չի կարող իրեն գծատեր համարելով պահանջներ ներկայացնի այս ու այն կողմ: Բայց,մենք ապրում ենք երկրում, որտեղ մասնավոր շահը, ամեն առումով, գերակայում է հանրայինին ու պետականին: