«Բատկիվշինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, ով այժմ գտնվում է ազատազրկման մեջ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին առաջարկել է հեռուստաբանավեճ անցկացնել և քննարկել երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու հարցը։
«Ես դիմում եմ Վիկտոր Յանուկովիչին։ Եթե նա ցանկանում է հեռուստաբանավեճ անցկացնել, ապա ես պատրաստ եմ մասնակցել և խոսել Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու մարտավարական քայլերի մասին», — Տիմոշենկոյի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել Յանուկովիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն էր հայտնել հեռուստաբանավեճի մասնակցել «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ, սակայն վերջինս հայտարարել էր, որ կընդունի մարտահրավերը, եթե Յանուկովիչը հրաժարական տա։