Հունվարի 18-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրել էր հանրահավաք, որին մասնակցեցին նաև ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցության ներկայացուցիչները: Հանրահավաքից հետո տարբեր մեկնաբանություններ և քննարկումներ եղան, որոնք դրական կամ բացասական լույսի ներքո էին ներկայացնում նախաձեռնող խմբի վարած քաղաքականությունը: Այս թեմայի շուրջ AraratNews.am-ը զրուցեց Եվրոպայի հայերի միության նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ :
Պարզվում է պարոն Գրիգորյանը հիասթափված է հանրահավաքից և իր մտահոգություններն ունի առաջադրվող հարցերի վերաբերյալ.«Հանրահավաքին հետևել ենք և մի փոքր հիասթափություն ենք ունեցել: Նախ, չի կարելի այսօրվա լարված իրավիճակում ժողովրդի ուշադրությունը շեղել գլխավոր խնդրից՝ հրատապ իշխանափոխության ուղուց և գրանցել փոքրիկ հաջողություն, անցկացնել հաջողված, առանց բախումների միտինգ՝ նվիրված մի պահանջի, որը իշխանությունները կարող են և առանց դժվարության բավարարել: Նույնիսկ կասեմ ավելին՝ իշխանություններին շատ ձեռնտու էր այսպիսի մի հանրահավաք թույլատրել և նույնիսկ նրա պահանջը՝ փոխել կուտակային կենսաթոշակների շուրջ ընդունած որոշումը՝ բավարարել: Սրանով՝ պայքարողները հանգստանում են, իսկ իշխանությունն էլ ունենում է մի հիանալի արդյունք առանց բախումների, և քաղաքակիրթ լուծվում է խնդիրը: Իսկ հաջորդ անգամ,երբ կտրուկ հարց է բարձրացվում իշխանությունների հրաժարականի կտրվածքով, ահա այսպիսի միտինգի մասնակիցներին ջարդում են և ցրում միտինգը՝ բոլորին համոզելով, որ այ այս անգամ անօրինական էր միտինգավորների և պահանջը և պահվածքը: Կարծում եմ միտինգի կազմակերպիչները պետք է առավել կարևոր հարցեր դնեն ապագայում իշխանությունների առաջ»,- ասաց պարոն Գրիգորյանըˋ նկատելով, որի գազային պայմանագրի խարդախությունը ավելի կարևոր հարց է, քանի ներկայումս հարթակից բարձրաձայնվող խնդիրները. «Օրինակ գազի հետ կապված ակնհայտ խարդախություների հարցը, վարչապետի օֆշորային կողոպուտների խնդիրը՝ կապված «Նաիրիտի», Նավասարդ Կճոյանի հետ համագործակցելու և գործարարին թալանելու և իշխանությունների այլ անօրինականությունների հետ:
Շատ դրական եմ համարում երիտասարդ քաղաքական-հասարակական գործիչների ակտիվությունը և հույս ունեմ,որ հաջորդ անգամ առավել արդյունավետ կկազմակերպվի գործը, և ընդդիմությունն էլ առավել ակտիվ կհամագործակցի նրանց հետ: Չէ՞ որ ընդդիմադիր քաղաքական ուժերն ավելի հասուն են և առավել պարտավորվածություններ ունեն ազգի առջև: Հուսանք, որ միահամուռ գործելու պարագայում, վարչակազմը կհասկանա, որ այսպես շարունակելն անհնար է և կընդունի հասարակության կողմից ներկայացվող վերջնագիրը»,- եզրափակեց իր խոսքը Եվրոպայի հայերի միության ղեկավար Աշոտ Գրիգորյանը: