«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ Ռոբին վան Պերսի, Ուեյն Ռունի, Խուան Մատա եռյակը կարող է դառնալ Անգլիայի առաջնության ամենաուժեղ հարձակվողական գիծը: Նա միայն կոչ է արել զինվել համբերությամբ և սպասել, թե երբ իսպանացին կընտելանա նոր ակումբում:
«Կարծում եմ, որ նրանք լավագույնը կլինեն, երբ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերեն, և կարող են լավ համագործակցել: Խուան Մատային ժամանակ է պետք, որպեսզի ընտելանա նոր թիմին: Պետք չէ առաջ ընկնել: Լավ է, որ նա պրեմիեր լիգայում խաղալու փորձ ունի, և նա մեզ մոտ է տեղափոխվել մեծ ակումբից, ինչը նշանակում է, որ ավելի հեշտ է լինելու: Սակայն պետք է հասկանալ, որ տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, իսկ ընտելացման համար, միևնույնն է, ժամանակ է պետք», — ասել է Մոյեսը: Այս մասին հաղորդում է Goal.com-: