ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը փետրվարի 14-ին Վայոց ձորի մարզպետարանում հանդիպեց Ջերմուկի եւ Զառիթափի խոշորացման փնջերում ներառված համայնքների ղեկավարների հետ: Տարածքային կառավարման նախարարության եւ փորձագետների կողմից մշակված ծրագրերով նախատեսվում է, որ Ջերմուկի փնջում կընդգրկվի մեկ, իսկ Զառիթափի փունջը կմիավորի ինը համայնք:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, միջազգային մի շարք կազմակերպությունների`ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գրասենյակի (SDC), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներ, փորձագետներ:
Վաչե Տերտերյանը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Վահան Մովսիսյանը ներկայացրեցին խոշորացման ծրագրերի սկզբունքներն ու մոտեցումները, պատասխանեցին համայնքների ղեկավարների բազմաթիվ հարցերին: Հետագայում եւս քննարկումները շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: