Այս տարի Տյառնընդառաջի տոնը նշվում է փետրվարի 14-ին, իսկ հաջորդ օրը` փետրվարի 15-ին, Հայոց եկեղեցին տոնում է Սուրբ Սարգսի տոնը:
Աստվածաբան Մարինա Ապրեսյանի խոսքով` Տյառնընդառաջը կապվում է գարնան գալստյան հետ: Իսկ կրակը, որը կվառվի փետրվարի 13-ի երեկոյան, ըստ ավանդության, ունի բուժիչ հատկություն, այդ իսկ պատճառով բացի նորապսակներից Տյառնընդառաջի տոնին կրակի վրայով թռնում են ոչ միայն նորապսակները, այլ նաև հիվանդները, ծննդկան մայրերը` մինչև նորածնի քառասունքը լրանալը: Ընդունված է կարծել, որ եթե կրակի վրայով ցատկելիս չամուսնացած աղջկա զգեստի փեշն այրվում է, նշանակում է` նա այդ տարի կամուսնանա:
«Սուրբ Սարգսի տոնը համարվում է ազգային տոն: Այս տոնի ընթացքում անգամ պաս են պահել` առաջավորաց պահքը: Երիտասարդները աղոթել են Սուրբ Սարգսին` «Մուրազատու Սուրբ Սարգիս, հասնիս մեզ երկուսիս» բառերով` խնդրելով, որեսզի Սուրբ Սարգիսը հովանավորի իրենց սերը»,- նշում է աստվածաբանը:
Աղի բլիթի ավանդույթը ևս գալիս է հնուց: Աղջիկները հնում կերել են աղի բլիթ` հույս ունենալով, որ երազում Սուրբ Սարգսի հովանավորությամբ կտեսնեն իրենց ապագա ամուսնուն:
«Վալենտինի տոնը բիզնես է: Թե ինչու են Հայաստանում այդ տոնը նշում, գնացեք, հարցրեք բիզնեսմեններին,- Վալենտինի տոնը Հայաստանում նշելու մասին ասաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Տեր Շաքե քահանա Հայրապետյանը,- ես` որպես կրոնավոր, ուսումնասիրել եմ Վալենտինի տոնի պատմությունը: Նահատակված երկու Վալենտինները ոչ մի կապ չունեն սիրո հետ»: