Կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ կատարվեցին «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերում», որոնց համաձայն, առաջիկա 5 տարիների համար Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը տարեկան 170 մլն խորանարդ մետրից դարձվում է 240 միլիոն խորանարդ մետր: «Խնդիրը պայմանավորված է Արարատյան հարթավայրում առկա փաստագրված սակավաջրության երևույթներով նախատեսված միջոցառումները, որոնք իրականացվում են կառավարության կողմից, մեր կարծիքով առաջին արդյունքները կտան 5 տարիների ընթացքում: Դրանք են խոշոր ջրամբարաշինական ծրագրեր, նաև վերակառուցման վերանորոգման ծրագրեր, ինչպես մեզ մոտ, այնպես էլ՝ էներգետիկ համակարգում, արտեզյան ավազանում ջրի սպառման կրճատման միջոցառումներ»,- ասաց նախագիծը ներկայացրած ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը:
Կառավարության նիստից հետո հանդիպելով լրագրողների հետ՝ նա մանրամասն ներկայացրեց որոշման հիմնավորումները: «Շուրջ 10 հազար հեկտարի վրա ոռոգման անընդհատ և երաշխավորված կազմակերպումն իրականացնելու համար անհրաժեշտ է դիմել Սևանին: Ե՛վ Սևանի դինամիկան՝ մակարդակի բարձրացումը, և՛ իրականցվելիք միջոցառումները մեզ հույս են տալիս ենթադրելու, որ կարողանալու ենք այդ խնդիրը հաղթահարել մինչև 2019թ»,- ասաց Ա. Անդրեասյանը: