Երեկ երեկոյան տեղեկացրել էինք, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Araratnes.am-ի հետ զրույցում կատարվածը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Այս հարցում ոստիկանության կատարած փոփոխությունները, ցավոք, կոսմետիկ էին: Դրանք ընդամենը Եվրոպային ցույց տալու համար էին, թե Հայաստանում գործ է կատարվում ասոցացման պայմանագրին ընդառաջ և երբ դրա անհրաժեշտությունը վերացավ, ոստիկանությունն իրականում «միլիցիա» էլ մնաց և ուղղակի ցույց տվեց իր դեմքը, ավելին, ամոթալի էր Տնտեսագիտական համալսարանում կատարվածից հետո հերթական անգամ տեսնել, թե ինչպես է ոստիկանությունն օգտագործվում հանրապետական կուսակցության կողմից»:
Սաֆարյանի խոսքով՝ բացահայտորեն ներգրավվում են բուհերի ուսանողական խորհուրդների նախագահները, որոնք որպես հրամանատարներ ղեկավարում են ամբողջ օպերացիան՝ սադրելով, ոստիկանությանը ցուցումներ տալով:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղարը հիշեցրեց նաև, որ 2007-2008 թթ. «Ժառանգությունը» բարձրացրել էր այս խնդիրը: «Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջագիր ներկայացրեց Սերժ Սարգսյանին, Անահիտ Բախշյանը մեր բոլորս անունից՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, պահանջելով ապակուսակցականացնել ԲՈՒՀ-երը: Ցավոք, մենք միայն արժանացանք հեգնանքի և քննադատության: Եվ այսօր մենք «վայելում» ենք դրա դառը պտուղները»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը: