Պարտադիր կուտակային կենսաթաշակային համակարգի և որոշ գործատուների կողմից աշխատավարձերից պահումներ կատարելու վերաբերյալ Araratnews.am-ը զրուցել է վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ:
— Կարծում եմ` այն, ինչ կապված է կուտակային կենսաթոշակային համակարգի հետ` «պարտադիր» բաղադրիչով, ուղղակի պետականորեն կազմակերպված թալան է և որևէ ձևով արդարացված չէ՝ Հայաստանի ներկայիս վիճակը հաշվի առնելով: Եվ այն համառությունը, որ գործածում է իշխանությունն այս հարցում, կարծում եմ, որ շատ ավելի տեղին կլիներ, եթե նման համառությամբ պայքարեր մենաշնորհների, քաղաքականության ու բիզնեսի սերտաճման դեմ: Եվ, բնականաբար, մարդիկ դուրս են եկել բողոքի, և իմ տպավորությամբ, այս բողոքի ալիքը կահագնանա եղանակների ջերմացմանը զուգահեռ՝ նաև ՍԴ վերջնական որոշման օրվան ընդառաջ,- համոզված է վերլուծաբանը:
Վերջինիս խոսքով` այդ շարժման մեջ բավականին ծավալուն աշխատանքներ են կազմակերպվում, ինչը, ըստ նրա, շատ գովելի է:
Իսկ աշխատավարձերից արդեն իսկ պահումներ կատարելու վերաբերյալ Մեհրաբյանն ասաց.
— Կարծում եմ` ՍԴ-ն ինքը դրա պատասխանը տվեց: Փաստորեն` հենց ՍԴ-ի կողմից արված սահմանումների խախտում է տեղի ունեցել:
Ղեկավարներին, ովքեր ստիպված են պարտադիր պահումներ կատարել իրենց աշխատակիցների աշխատավարձերից, Մեհրաբյանը խորհուրդ է տալիս «չստիպվել»:
-Այո, վախենալու բան շատ կա, բոլորն էլ վախենում են: Ուրեմն` ի՞նչ, մարդիկ նման որոշման դեպքում պիտի լռե՞ն: Ստիպում են` դուք էլ հակառակը ստիպեք: Մենակ չե՞ք կարողանում, կազմակերպված ստիպեք:
Տեսեք` Ուկրաինայում ինչ են անում: Այնտեղ էլ էին վախենում: Իսկ հիմա հակառակն է տեղի ունենում, արդեն իշխանությունն է վախենում այնտեղ կանգնածներից,- եզրափակել է Մեհրաբյանը: