Այսօր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները Սիրիայի Հալեպ քաղաքի Խարիտան արվարձանում 13 մարդու հրապարակավ գնդակահարել են, որից հետո լքել են քաղաքը։ Մահացածների դիակները նետել են ջրհորը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Զոհերի թվում են եղել մի քանի «չափավոր» ապստամբներ, ում դեմ իսլամիստները պայքարում են հունվարի սկզբից։ Բացի այդ, սպանվել են ապստամբ-զինյալների մի քանի ազգականներ, ովքեր մասնակցել են ծայրահեղական խմբավորման դեմ մղվող մարտերին։
Նշենք, որ գրոհայինները ստիպված են եղել լքել Խարիտան արվարձանը մյուս ապստամբների հարձակումների պատճառով, որոնք փորձում են նրանց դուրս մղել Սիրիայի հյուսիսից։
Հիշեցնենք, որ ապստամբների մի շարք խմբավորումներ սկսել են պայքարել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ այն բանից հետո, երբ ծայրահեղականները սկսել են ագրեսիվ քաղաքականություն վարել ինչպես Սիրիայի կառավարական զորքերի, այնպես էլ մյուս ապստամբների դեմ։