Ինչպես այսօր տեղեկացրել ենք,կորեական chosun.com կայքը «Հայաստանի նախագահը՝ Կորեայի բժշկական զբոսաշրջիկների թվում» վերնագրով մի հոդված է հրապարակել, որում նշված է, որ Սերժ Սարգսյանը հունվարի 9-ին ժամանել է Գանգնամի Չաում կենտրոի վերականգնողական կլինիկա:
«Մեկ շաբաթյա այցելության ընթացքում խումբն այցելել է Չաում ամեն օր և անցել է բուժման կուրս, այդ թվում նաև ցողունային բջիջների թերապիա, ՍՊԱ և երիտասարդացնող թերապիա, մերսում և քաշի վերահսկման կուրսերը»,-տեղեկացրել է chosun.com կայքը հավելելով, որ բուժման համար Սարգսյանի գլխավորած խումբը վճարել է 200 միլիոն վոն (1 ԱՄՆ դոլարը= 1076 վոն) :
Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը այսօր տեղեկացրել է, որ Սարգսյանը անձնական հայտարարագրված միջոցներն է ծախսել Կորեայում՝ ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Սաղաթելյանը նաեւ ընդգծել է, որ նշած գումարը ( մոտ 186.000 դոլար) ոչ թե միայն Սերժ Սարգսյանի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: «Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, և այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին»:
«Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին Նախագահի արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետևաբար և մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել»,- նշել է Ա.Սաղաթելյանը: