Մինչ ՀՀԿ-ական պայծառագլուխ Գալուստ Գրիգորիչը հասարակությանը կոչ է անում խնայողություններ անել, ՀՀԿ նախագահ Սերժ Ազատիչը գնացել է Կորեաˋ ցողունային բջիջները վերականգնելու: Դե բա ինչ պետք է աներˋ մարդը ցանկանում է երիտասարդանալ: Կորեկան լրատվամիջոցները մի լավ գովազդեցին իրենց կենտրոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի առնչությամբ, չկասկածելով, որ Հայաստանը աղքատ երկիր է և իրենց լուսաբանումը վատ դրության մեջ է դնելու Ազատիչին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Գալուստ Սահակյանի կոչը հասարակ մարդկանց է վերաբերվում, իսկ իրենք «վերևներում» գտնվողները կարող են ծախսել սրտի ուզածի չափ. «Դե Գալուստ Սահակյանը ղեկավարությանը չէր ասում, որ խնայողություններ անեն: Գալուստ Սահակյանը ժողովրդին էր կոչ անում՝ դա անել։ Չգիտեմ ում ֆինանսներով էր գնացել, բայց, ամենայն հավանականությամբ, նա պարոն Աբրահամյանի միջոցներով է գնացել, քանի որ նա էլ է լուսանկարում երևում»,-ասաց պարոն Մարտիրոսյանըˋ ավելացնելով, որ ցանկացած պարագայում հակասություն կա Հայաստանի իրականության և այն գումարների մեջ, որով նրանք բուժում են ստանում:
Հիշեցնենք, որ այսօր կորեական լրատվամիջոցները տարածել էին տեղեկատվություն, որտեղ ներկայացրել էին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 7 օր վերականգնողական կուրսեր է անցել իրենց երկրի թանկարժեք առողջարանային կենտրոններից մեկում: Նրանք նաև ներկայացրել էին, որ Սերժ Սարգսյանին բուժումը արժեցել է 185 000 ԱՄՆ դոլար: