Այսօր Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ում հաճախ անվանում են Կրեմլի ոչ պաշտոնական խոսափող, ասել է, որ իրականում Վիկտոր Յանուկովիչը հոսպիտալացվել է, որպեսզի Օլիմպիական խաղերի ավարտից հետո սկսի ճնշել իր հակառակորդներին:
«Այսօր մեր հաճախորդը Կիևում հարգարժան Վիկտոր Ֆյոդորի Յանուկովիչն է: Նա ձեր ջարդը տալու է Օլիմպիադայի ավարտից հետո: Դուք դեռ կիմանաք, թե ինչ է նշանակում Յանուկովիչ: Այսօր նա հիվանդացել է ապահովագրվելու համար: Այնուհետև կհնչի հրաման` «չխնայե՛լ փամփուշտները»: Իսկ մենք կտանք նրան փամփուշտներ: Փողի փոխարեն փամփուշտներ ենք տալու», — ասել է Ժիրինովսկին «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում: «Ռուս արքաները հրացաններ ու փամփուշտներ ուղարկել են, երբ դրա մասին շատ են խնդրել… Կխնդրեք՝ կտանք փամփուշտներ, զինվորներ չենք տա», — ասել է Ժիրինոսկին:
Այսօր Յանուկովիչին ուղղված նախազգուշացումով հանդես է եկել նաև ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Գլազևը, ով ասել է, որ եթե Վիկտոր Յանուկովիչը չճնշի «խռովությունը», ապա կկորցնի իշխանությունը:
«Յանուկովիչը ներկայում գտնվում է սողացող հեղաշրջման վտանգի առաջ, և քանի որ նա Սահմանադրության, Ուկրաինայի անվտանգության և ամբողջականության երաշխավորն է, ապա ընտրություն չունի. Կամ նա պաշտպանում է ուկրաինական պետականությունը և ճնշում խռովությունը, որը ֆինանսավորվում է և հովանավորվում արտաքին ուժերի կողմից, կամ կորցնում է իշխանությունը, իսկ Ուկրաինայում սպասվում է աճող քաոս և ներքին հակամարտություն, որից ելք չկա», — ասել է Գլազևը: