Հունվարի 18-ին տեղի ունեցած հանրահավաքի, դրա արդյունավետության և հնարավոր հետևանքների մասին Araratnews.am-ի լրագրողը զրուցել է է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
— Պարոն Մեհրաբյան, ինչպես կամփոփեք հունվարի 18-ին տեղի ունեցած հանրավաքը: Ձեր կարծիքով այս հանրահավաքը կունենա՞ սպասելի դրական հետևանքներ:
— Այդ հանրահավաքը վերջին հանարահավաքների կամ իրադարձությունների ֆոնին աննախադեպ էրˋ իր մարդաշատությամբ, իր կազմակերպվածությամբ, և դա՝ շնորհիվ կուտակային համակարգի դեմ պայքարող երիտասարդների, որոնք կարողացան հասարակության մեջ իրազեկման համապատասխան աշխատանքներ տանել, բացի դրանից մարդկանց մոբիլիզացնելˋ ցույց տալով այդ օրենքի աղետալի հետևանքները, որ կարող է ունենալ ոչ թե ինքնին այդ կուտակային համակարգը, այլ այն ձևով, որով կիրառվելու է Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է արդյունքներին, ես կարծում եմ, որ հանրահավաքը շատ արդյունավետ էր, և պարզապես քաղաքացիները Հայաստանում այլ ճանապարհ չունեն իշխանությանը ստիպելու ծառայել իրենց շահերին: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս շարժումը մեծ պոտենցիալ ունի, որը կարող է քաղաքացիական գիտակցության մեջ մեծ դրական փոփոխություն մտցնել և դրանից կշահի միայն պետությունը:
— Ինչպե՞ս կգնահատեք ոչ իշխանական 4 ուժերի միավորումը: Արդյոք դա ևս առաջընթաց քայլ կարելի է համարել:
— Քաղաքական 4 ուժերի ներկայությունը հանարահավաքին ևս ողջունելի էր, անկախ նրանից, թե մենք նրանց ոնց ենք վերաբերվում և որքան ենք վստահում նրանց անկեղծությանը կամ անկախ նրանից, թե մենք ինչ ենք մտածում նրանց հետևողականության մասին, և թե որքան երկար նրանք կգտնվեն քաղաքացիների կողքին, որովհետև այդ նշված ուժերից շատերը բազմաթիվ անգամներ գնացել են գործարքների՝ քաղաքացիների շահերի հաշվին, գնացել են հակահասարակական գործարքների, բայց այնումենայնիվ այս հարցը հասարակության մեջ ունի շատ բարձր հնչեղություն, ինչն էլ այդ ուժերին ստիպել է գալ և կանգնել քաղաքացիների կողքին, հակառակ դեպքում նրանք ուղակի վերջնականապես կվարկաբեկվեին: Մենք նաև տեսանք, որ որոշ շրջանակներ հասարակության մեջ արդարացիորեն մտավախություն էին հայտնում, որ քաղաքական ուժերից շատերը կփորձեն այս քաղաքացիական պոռթկումը, շարժումը իրենցով անել և ծառայեցնել իրենց կուսակցական նպատակներին: Տեսեք, բազմիցս խոսվում է, որ չպետք է քաղաքականացնել քաղաքացիական շարժումը, ես այդ ձևակերպմանը դեմ եմ, որովհետև դա մեզ հեռացնում է մի պրոբլեմից, այլ ոչ հակառակը: Պետք է դեմ լիել ոչ թե քաղաքականացմանը, այլ կուսակցականացմանը, իսկ քաղաքականացված է արդեն իսկ, որովհետև այն, ինչ արվեց այս թոշակային համակարգի հարցով, սա քաղաքականությունն էր կառավարության և իշխանությունների կողմից, որը նրանք վարում են Հայաստանի ներսում, և պատասխանը հասարակության ներսում նույնպես քաղաքական էր, հասարակության մոբիլիզացիան ինչ է դա քաղաքականություն չէ՞։ Այլ բան է կուսակցականացնելը: Մենք տեսանք այն փորձերը որոնք արվեցին, պարզապես նախաձեռնության կողմից շատ տակտով չեզոքացվեցին դրանք, ու բացի դրանից ես կարծում եմ, որ այս շարժումը թափ կստանա, եթե, իհարկե, կոպիտ սխալներ չգործեն, ամեն դեպքում մինչև այս պահը չի եղել այնպիսի սխալներ, որոնք կարող է խոչընդոտեն նախաձեռնության հետագա գործունեությանը:
— Պարոն Մեհրաբյան, հունվարի 18-ին մինչ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ելույթ էր ունենում հանրահավաքի ժամանակ՝ կենսաթոշակային նոր համակարգն անվանելով պետական ռեկետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորում էր Սերժ Սարգսյանին: Ի՞նչ կասեք այս մասին:
-Օդանավակայանում դիմավորելու մեջ չի, որ ես վատ բան եմ տեսնում, ի վերջո Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է և արարողակարգային ֆունկցիաներ ունի, որը պետք է կատարի: Խնդիրը այլ է, որ ԲՀԿ-ն իր ստեղծման օրվանից եղել է օլիգարխիայի կուսակցություն, եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ կապեր ունեցող կուսակցություն և այսպիսի բազմաթիվ վերապահումներ: Բացի դրանից էլ, մենք Մարտի 1-ի դերակատարման հետ կապված այնտեղից որևէ բացատրություն չենք լսել, և այդպես շատ ու շատ հարցեր կան: Բայց ես էլի եմ ասում, քաղաքացիներն իրենց ինքնակազմակերպմամբ պետք է քաղաքական գործոն դառնան Հայաստանի քաղաքական դաշտում, և եթե մենք դժգոհում ենք իշխանությունից, դժգոհում ենք ընդդիմությունից, քանի որ նա չի անում իր գործն այնպես, ինչպես պետք է, ապա այդ ժամանակ պետք է ինքդ ինքնակազմակերպվես և գործոն դառնաս և ինքդ պետք է բերես իշխանությանը և քաղաքական ուժերին հաշվետվողականության դաշտ և ստիպես ծառայել քաղաքացիներին:
Էմմա Պալյան