«Պարտադիր կուտակայինի համար աշխատող ֆոնդերն աշխատում են ամբողջ աշխարհի համար. աշխարհը վստահում է նրանց, իսկ թե ինչու մենք՝ հայերս չենք վստահում՝ ես դա չեմ կարող ասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Պատգամավորի հավաստմամբ, Սահմանադրական Դատարանի որոշումը չի նշանակում, որ բարեփոխումները չեն իրականացվելու, և ՍԴ որոշումը իր համար անսպասելի չէ. «ՍԴ-ն ասում է, որ կենսաթոշակային այս բարեփոխումներն անպայման իրականանալու են: Ուղղակի կան որոշ ուժեր, որոնք սևը սպիտակ են ներկայացնում»,- ասաց պատգամավորը:
Լրագրողները անդրադարձան նաև այն հանգամանքին, որ երբ պատգամավորների աշխատավարձերը բարձրացնում էինˋ նրանցից շատերը ասում էին, որ անապահով մարդկանց կօգնեն: Արդյո՞ք հիմա պատգամավորը պատրաստվում է իր բարձրացված աշխատավարձով օգնել մարդկանց հարցին ի պատասխան պատգամավորն ասաց. «Ես եղել եմ թաղապետ, դրանից առաջ գործկոմի նախագահ: Սակայն բիզնեսներ չունեմ ու կարող եք հարցնել այն բնակչությանը, որտեղ աշխատել եմ ՝ օգնե՞լ եմ նրանց, թե՞ ոչ: Բայց, ցավոք սրտի, ես բիզնեսներ չեմ ունեցել եւ չունեմ: Ես ասում եմ, ցավոք սրտի, որովհետեւ գտնում եմ, որ սխալ եմ արել: Բայց իմ տեսակը չի կարող բիզնեսով զբաղվել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորըˋ ավելացնելով, որ եթե բիզնեսներ ունենար, ապա ավելի շատ կօգներ մարդկանց: