Չինաստանում այսօր նշում են այս երկրում ամենասիրված՝ Կարմիր լապտերի տոնը։ Սովորաբար այն նշվում է արևելյան Ամանորի 15-րդ օրը և սրանով ավարտվում են 15 օր տևած արձակուրդներն ու տոնախմբությունները։
Չինաստանում Կարմիր լապտերի սկսել են նշել դեռևս մ․թ․ա․ 3-րդ դարում։ Այս օրը չինացիները փողոցներում կախում են լապտերներ, որոնք խորհրդանշում են սեր և բարեկեցություն։ Ավանդույթի համաձայն՝ լապտերը պետք է սարքված լինի բրնձե բարակ թղթից եւ բամբուկի փայտերից։ Հաճախ այն զարդարում են գեղեցիկ նախշերով և նկարերով։
Դրանց վրա հաճախ գրվում են հիերոգլիֆներ, որոնք նշանակում են «երջանկություն», «իղձերի կատարում», «երկարակեցություն» և այլն։ Լապտերներն ունեն տարբեր չափեր և ձևեր, հաճախ դրանք սարքում են այն ամենից, ինչ կա ձեռքի տակ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալոթւյունը։
Այս օրը չինացիները տոնական սեղանի շուրջ հավաքում են իրենց ընտանիքի անդամներին և հյուրասիրում «յուանսյաո» և «տանյուան»՝ բրնձե ալյուրից պատրաստված կլոր թխվածքաբլիթներով, որոնք ունեն քաղցր միջուկ և խորհրդանշում են ընտանեկան միասնություն և բարեկեցություն։ Երեկոյան մթնշաղին չինացիներն իրենց տների առաջ վառում են լապտերները։