«ՈւԴԱՌ» կուսակցության ներկայացուցիչները մտադիր չեն լինել նոր կառավարության կազմում, եթե Ուկրաինայի նախագահը շարունակի լինել Վիկտոր Յանուկովիչը։ Նման հայտարարություն է արել կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն։
«Ոչ մի դեպքում չենք ցանկանում որևէ թելով կապված լինել այս իշխանությունների հետ։ Մենք պատրաստ ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել միայն այն դեպքում, եթե իշխանությունը փոխվի», — Կլիչկոյի խոսքերն է փոխանցում կուսակցության մամուլի ծառայությունը։
«Մենք ուզում ենք, որ փոխվի ողջ համակարգը, այլ ոչ թե դեմքերը։ Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են շատերը փոխվում, սակայն խնդիրները, որոնք կային, շարունակում են մնալ», — ասել է ընդդիմադիր գործիչը։