տուն Քաղաքական Վերլուծական Որքանով է դրամի հետագա արժեզրկումը հավանական

Որքանով է դրամի հետագա արժեզրկումը հավանական

263
0

dollar-dram-exchange-rates

Դրամը վերջին շաբաթներին դոլարի նկատմամբ արժեզրկման միտումներ է դրսևորում: Եթե 2014թ սկզբին 1 դոլարի միջին փոխարժեքը շուրջ 406 դրամ էր, ապա այսօր այն, ըստ Կենտրոնական բանկի, կազմել է 412 դրամ: Սա միջին փոխարժեքն է, ինչը նշանակում է, որ առքը ավելի ցածր և վաճառքն ավելի բարձր թվերով է իրականացվում:

Իրականում, սակայն, այս տատանումը նշանակալի չէ և սեզոնային բնույթ է կրում: Վերջին տարիներին, հատկապես, Հայաստանի տնտեսությանը բնորոշ է դրամի արժեզրկում գարնանը և արժևորում ամռանն ու աշնանը: Այսպես, 2013թ սկզբին դոլարի միջին փոխարժեքը 404 դրամ էր, հունվարի վերջին, աստիճանաբար աճելով, հասավ 406.5 դրամի, փետրվարի վերջին (դարձյալ աստիճանաբար աճելով)` 409 դրամի, իսկ մարտի վերջին` 420 դրամի: Այնուհետև այն աստիճանաբար նվազեց` տարեվերջին հասնելով 405 դրամի:

Ամենայն հավանականությամբ, այս տարվա փետրվարի երկրորդ կեսին և մարտին ևս դրամը կարժեզրկվի: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ տարվա առաջին ամիսներին արտասահմանյան մասնավոր տրանսֆերտները կտրուկ նվազում են, քանի որ արտագնա աշխատանքի մեկնածների զգալի մասը դեռևս հասցրած չի լինում մեկնել Ռուսաստան: Եվ հենց փետրվարին ու մարտին է, որ սկսվում է արտագնա աշխատանքի սեզոնը, ուստի տրամաբանական է, որ մեկնողները փոխեն իրենց մոտի դրամը մեկնելուց առաջ: Տնտեսության մեջ դրամի առաջարկի ավելացումն ու դոլարի քանակության նվազումը (քանի որ տրանսֆերտները կտրուկ նվազում են տարվա առաջին ամիսներին) ստեղծում է այս իրավիճակը:

Կենտրոնական բանկը (ԿԲ), այնուամենայնիվ, փորձում է հարթել այդ տատանումները: Տարվա վերջին սովորաբար շուկայից հանում է դոլարը (արտարժույթ է գնում)` դրամ վաճառելով (դրամի քանակությունը շատացնելով), որպեսզի մեղմի դոլարի փոխարժեքի անկումը: Օրինակ` անցած տարվա` 2013-ի վերջին շաբաթում ԿԲ-ն վաճառեց 6.75 միլիոն դոլար:

Եվ հակառակը` տարվա սկզբին ԿԲ-ն սկսում է շուկայից դոլար գնել: Այս տարվա հունվարին ԿԲ-ն 7.13 մլն դոլար է գնել, փետրվարի առաջին 2 շաբաթներին` ավելի քան 19 միլիոն դոլար: Ամենայն հավանականությամբ այն կշարունակի դոլար գնել նաև ամսվա երկրորդ կեսին և մարտին:

Այնուամենայնիվ կան գործոններ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այս տարի դրամը կարող է ավելի շատ արժեզրկվել, քան թե արժևորվել: Բանն այն է, որ նավթի գների պահպանումը կամ նվազումը, դրան հաջորդած Ռուսաստանի տնտեսության անխուսափելի վատթարացումը նվազեցնում է Հայաստան փոխանցվող դոլարների (մասնավոր տրանսֆերտների տեսքով) քանակը: Այսինքն` մեր հայրենակիցները դժվարանում են շատ փող աշխատել Ռուսաստանում` այդ երկրի տնտեսության աճի դանդաղելու ֆոնին: Օրինակ` եթե 2012-ին 2011-ի համեմատ մասնավոր տրանսֆերտներն աճել էին ավելի քան 230 միլիոն դոլարով, ապա 2013-ին (2012-ի համեմատ) դրանք աճեցին շուրջ 150 միլիոն դոլարով: Սա նշանակում է, որ երկիր մտնող դոլարային հոսքերի ծավալը այս գծով ավելի քիչ աճեց 2013-ին, հավանաբար էլ ավելի քիչ էլ կաճի 2014-ին:

Հայկ Մանուկյան