Գազի գնի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին Ազգային ժողովում խոսեց նաև «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Որտեղի՞ց է գոյացել 300 մլն դոլարի պարտքը, որը բերում եք այստեղ և փորձում «սպիսատ» անել: Այն դեպքում, երբ Ազգային Ժողովի ամբիոնից տարիներ շարունակ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և նրա վերադաս ՀՀ վարչապետը հայտարարել են, թե գազի գին չի բարձրացել»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավորը: Նա համոզմունք հայտնեց, որ ստացվում է, որ վարչապետն ու նախարարն ուղղակիորեն ստել են:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ցանկանցած նորմալ երկրում նման դեպքերում պետական պաշտոնյաները հրաժարական են տալիս: Իսկ Հայաստանում պատկերն այլ է, որտեղ, ըստ պատգամավորի, խաբելը, սեփական ժողովրդին գցելը՝ խաղի կանոն է: Անդրադառնալով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանը` ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ կարևոր է նաև պարզել, թե ինչպես է ստացվում, որ գազը սահմանին ստանում ենք սովորական գնով, իսկ մոտավորապես 66 հազար սպառողին այն հասնում է շատ թանկ գնով: