Այս գիշեր բերման է ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 9 ակտիվիստ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց բերման ենթարկված ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը:
«Գիշերը ժամը 2:20 մի մասին բերման են ենթարկել Ամիրյան փողոցի վրայից, մի մասին Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի մոտից: Նրանք նախապես պլանավորել էին, երբ մենք դուրս եկանք, չհասցրեցինք ոչ մի բան անել, ու մեզ արդեն բերման ենթարկեցին»,-պատմում է Վարդան Հարությունյանը:
Երիտասարդներին բերման են ենթարկել հանրային տարածքների ոչ ճիշտ օգտագործման պատճառաբանությամբ: Նրանք մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիա էին կազմակերպելˋ «Սերժիկ՝ պետական դավաճան» կարգախոսով:
Այս հարցով AraratNews.am-ը փորձեց նաև ստանալ ոստիկանության մեկնաբանությունը: Ոստիկանության լրատվության բաժնից մեզ հետ զրույցում ասացին.«Ակտիվիստները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 172 հոդվածի հատկանիշներով։ Իրավախախտում իրականացնելու համար են բերման ենթարկվել 9 անձ և նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտում իրականանցելու մասին արձանագրություն»: