Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերի ընտանիքը վստահ է, որ կոմայի մեջ գտնվող մարզիկն անպայման ապաքինվելու է։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Նույն աղբյուրը հաղորդել է, որ Շումախերը ներկայում գտնվում է արթնացման փուլում։ Նրա ներկայացուցիչ Սաբինա Կեմը հրաժարվել է մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկությունները, որոնց համաձայն Շումախերը թոքաբորբով է հիվանդացել։ Ընտանիքի անդամները հրաժարվում են մեկնաբանել բուժման ընթացքը Շումախերի կյանքը պաշտպանելու համար։
«Նրա ընտանիքը շարունակում է վստահ հավատալ Միխայելի վերականգմանը և հույսը դրել է բժիշկների, բուժքույրերի և բժշկական ամբողջ անձնակազմի վրա։ Կարևոր է ոչ թե վերականգնման արագությունը, այլ այն, որ Շումախերի վերականգնումն անընդհատ ընթացքի մեջ է», — ասվում է հայտարարության մեջ։