AraratNews.am-ի ընթերցողներից մեկը մեր խմբագրություն է ուղարկել լուսանկարներ, որտեղ երևում է Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանի շքեղ առանձնատունը: Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում ասացին համայնքի որոշ բնակիչներ, առանձնատունը Արմեն Սարգսյանը կառուցել է թաղապետ նշանակվելուց հետո: Մինչդեռ Շենգավիթի թաղապետարանից Araratnews.am-ի լրագրողին վստահեցրել են, որ այս առանձնատունը կառուցվել է Արմեն Սարգսյանի թաղապետ նշանակվելուց դեռ շատ ավելի վաղ, ինչըն ապացուցող փաստաթուղթն ևս տրամադրել են Araratnews.am-ի լրագրողին, որը կից կներկայացնենք մեր ընթերցողներին:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին պատկանող, Ե. Թադևոսյան փող. 11/5 հասցեում գտնվող առանձնատունը կառուցվել է 2002-2005 թվականներին, ավարտական ակտի հիման վրա շինությունը պետական գրանցում է ստացել 04.04.2006 թվականին (տես՝ անշարժ գույքի կադաստրի պետական գրանցման վկայականի պատճենը): Տան զբաղեցրած հողատարածքը նախկինում եղել է խորհրդային բանակի տանկային գումարտակի ժամանակավոր կայան, ինչի վերացումից հետո համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը նպատակային չի օգտագործվել և ժամանակի ընթացքում վերածվել է լքված, ամայի վայրի: Կառուցապատման տրամադրման պահին և դրանից առաջ տարածքում քաղաքաշինական ծրագրերով նախատեսված չի եղել խաղահրապարակի կառուցում կամ այլ բարեկարգման աշխատանքների իրականացում:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն աշխատանքի է նշանակվել 2011 թվականի դեկտեմբերի 5-ին, մինչ այդ՝ 2009 թվականից, զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը: 2009 թվականից առաջ Արմեն Սարգսյանը պետական, համայնքային, հանրային բարձր պաշտոններ չի զբաղեցրել և զբաղվել է գործարարությամբ, ինչի շնորհիվ էլ ՀՀ օրենքներով չարգելված ճանապարհով և բարեկեցության ձգտող յուրաքանչյուր մարդու արդար մղումով կառուցել է իր առանձնատունը:
Ներկայացված փաստերի պարզ համադրությունն իսկ բավական է հասկանալու համար, որ տեղեկատվությունն անհիմն է, զրպարտություն և անլիարժեքությամբ տառապող չար մարդու երևակայության արդյունք:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ