Araratnews.am-ի լրագրողը զրուցել է Շանթ Հարությունյանի կնոջ` Ռուզաննա Հարությունյանի հետ` պարզելու համար, թե ինչպես է Շանթ Հարությունյանի առողջական վիճակը: «Երեկ հանդիպել եմ Շանթին, թույլ է, արագ չի վերականգնվում, երիկամների հետ կապված խնդիրներ կան»,-ասաց տիկին Ռուզաննան:
«Տեղյա՞կ էր, որ Ազատության հրապարակում իր համակիրները նշեցին իր ծնունդը» հարցին, տիկին Ռուզաննան պատասխանեց. «Իմացավ, նորմալ ընդունեց, չնայած իմացավ նաև, որ փորձում էին խոչընդոտել մեզ Ազատության հրապարակում, բայց դա էլ նորմալ ընդունեց»:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ազատության հրապարակում, որտեղ հավաքվել էին անցյալ տարվա նոյեմբերից ազատազրկված, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրը նշելու, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տասը րոպե ժամանակ տվեց հավաքվածներին, որպեսզի «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ տորթը հրապարակից հեռացնեն: