Երեկ սոցցանցերում տարածվել էր մի տեսանյութ, թե ինչպես են բերկուտցիները ծաղրուծանակի ենթարկում եւ տանջում «գերի վերցված» ցուցարարին։ Պարզվում է, որ նա Միխայիլ Գավրիլյուկն է եւ այսօր հանդիպել է լրագրողների հետ։
Միխայիլ Գավրիլյուկը, որին բռնել էր Բերկուտը եւ մերկ լուսանկարել, այնուհետեւ տեղափոխել հիվանդանոց, փախել է այնտեղից եւ պատմում է, որ իրեն երկու անգամ «անցկացրել են շարքերի միջով», այսինքն իրավապահները երկու շարք են կազմել եւ երկու կողմից էլ անխնա ծեծել։
Միխայիլ Գավրիլյուկը 4-րդ հարյուրյակի կազակ է։ Նրան բռնել են այն ժամանակ, երբ վերջինս հետ էր պահում բերկուտցիներից խաղաղ բնակչներին, ովքեր չեն մասնակցում կռիվներին, այլ միայն հետաքրքրվում են իրավիճակով։ Այդ ժամանակ երկու հրահրիչներ, որոնք խառնված են եղել այդ մարդկանց խմբին, գետնին են տապալել նրան, հատուկջոկատայինները վրա են հասել եւ հասցրել բռնել-փախցնել։
Գավրիլյուկին տարել են իրենց մեքենայի մոտ եւ հրամայել են ծնկի իջնել։ Նա հրաժարվել է, ինչի պատճառով նրան երկու անգամ «անցկացրել են շարքերի միջով», ոլորել են ձեռքերը, խաչել են՝ ինչպես Հիսուսին, ծեծել են, լուսանկարվելու համար թռվռացել են գլխի վրա, բութ դանակի հարվածներով կտրել մազերը։ Հետո մերկացրել են, ձեռքին տվել սառցահատիչ եւ ստիպել են ասել՝ ես սիրում եմ Բերկուտին։ Բայց նա, անգամ մահվան սպառնալիքի տակ, հրաժարվել է ասել։ Երբ նրան հրելով նստեցրել են կալանավորների համար նախատեսված հատուկ ավտոմեքենան, այնտեղ արդեն եղել է մի տղամարդ, ով առաջարկել է իր տաբատը (վերջինս երկու տաբատով է եղել)։ Գավրիլյուկին տարել են մի քանի ոստիկանական բաժանմունքներ, սակայն բոլորն էլ հրաժարվել են նրան ընդունել։ Երբ վերջապես եղել է մեկը, որը համաձայնել է ընդունել, Գավրիլյուկը ձեւական ուշագնաց է եղել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղից էլ փախել է եւ միանգամից վերադարձել բարիկադներ։
Հ.Գ. Տանջող բերկուտցիների մեջ ուկրաինացի օգտատերերը ճանաչել են մի քանիսին, սոցցանցերում տարածել են նրանց հասցեները եւ կոչ են արել այցելելու նրանց ծնողներին, թքել երեսներին եւ հիշեցնել պատժի մասին։