Նարեկ, «Հայաստանի ձայնի» գրեթե բոլոր մասնակիցները կորել են երգարվեստից: Սակայն դու բացառություններից ես:
Պետք է ասեմ, որ բավականին բարդ է ցույց տալ քո բոլոր հնարավորությունները և գրավել հանդիսատեսի համակրանքը, սերը: Բայց ավելի բարդ է այդ ամենը պահելը և փորձել քիչ-քիչ քո տեղը ունենալ հայկական փոփ-ի մեջ: Ես իմ շնորհակալական խոսքը պիտի ասեմ իմ պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանին և, իհարկե, իմ ստեղծագործական թիմին, ընկերներին, երկրպագուներին, ռադիոկայաններին, հեռուստաալիքներին, մամուլին, քանի որ նրանց շնորհիվ է արտիստը հասանելի դառնում մարդկանց:
Ինչո՞վ ես այժմ զբաղված:
Ներկա պահին մասնակցում եմ «Պրեմիերա» նախագծին: Առաջարկը ստացել եմ «Շանթ» հեռուստաընկերությունից, ինչը ինձ շատ ուրախացրեց, քանի որ երբեք այդ հեռուստաընկերության հետ չեմ համագործակցել, սակայն հետևում էի ու գիտեի մի քանի հաջողված նախագծերի մասին: Մի խոսքով, համագործակցելու ցանկություն միշտ կար:
Առաջին հերթին ուզում էի մասնակցել պրոեկտին որպես երգահան, հեղինակ, սակայն ի վերջո որոշեցի հանդես գալ իբրև երգիչ և կատարել ուրիշների կողմից գրված երգեր: Ցանկություն ունեի հանդես գալ հեղինակային ստեղծագործությունով, սակայն նախագծի կաննոները դա թույլ չեն տալիս:
Մրցակցության հոտը գալի՞ս է:
Այո, իհարկե գալիս է: Սակայն հարաբերությունները ժյուրիի կազմի եւ մասնակիցների հետ բավականին ջերմ են, քանի բոլորը իրենց ժանրում եւ ոլորտում պրոֆեսսիոնալներ են: Ես Անդրեի թիմից եմ, իսկ հակառակորդներից ղեկավարում է Գիսանե Պալյանը:
Իսկ քո երգարվեստում մոտակա պրեմիերան ե՞րբ է սպասվում:
Շուտով կներկայացնեմ մի նոր ռիթմիկ և շատ հիթային երգ: Ներկա պահին զբաղված ենք գործիքավորմամբ: Այս տարի ես խոստանում եմ լինել ավելի ակտիվ և մատուցել իմ լսարանին մի քանի նոր տեսահոլովակներ և երգեր, որոնք հասանելի կլինեն Youtube-ում: Նաեւ մենք շուտով կվերջացնենք իմ կայքի աշխատանքները: Անելիքներ դեռ շատ ունենք:
Դու, ինչպես նշեցիր, նաեւ երգեր ես գրում: Ինչպե՞ս են դրանք ծնվում:
Ամեն մեկն իր ուրույն պատմությունն ունի և յուրաքանչյուրն ինձ համար շատ հարազատ է: Ունեմ նաև այնպիսի երգեր, որոնց համար բավականին խոշոր գումար էին առաջարկում, սակայն չվաճառեցի: Չէ՞ որ դրանք իմ կյանքի պատմությունն են…
Քո ամենամեծ երազա՞նքը:
Ուզում եմ ապրենք խաղաղ Հայաստանում, որ չսգանք մեր հայ զինվորների կորուստը: