Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը փորձում է բարձրաձայնել Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների մասին: Ինչպես AraratNews.am-ին տեղեկացրեց կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը, այս հարցի վերաբերյալ «սայլը տեղից շարժվել է» և հիմա իրենց այս խնդիրը միջազգային հարթակում լսելի դարձնելու գործում օգնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Մի քանի տարի է այս հարցի վերաբերյալ աշխատում ենք: Այստեղ մենք կազմակերպել ենք ցուցահանդեսներ, բողոքի ակցիաներ, որպեսզի որևէ կերպ լսելի դարձնենք խնդիրը: Դիմել ենք նաև Ազգային Ժողովի մի քանի պատգամավորների: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ փաստաթղթեր ունենալու դեպքում այս հարցը բարձրաձայնել Եվրոպայի խորհրդում: Մենք արդեն փոխանցել ենք փաստաթղթեր և տեսագրություններ: Որքանով ես եմ տեղեկացված, տիկին Զոհրաբյանը խնդրի մասին ԵԽ-ում պետք է խոսի ամսվա վերջին»,- ասաց Համլետ Սոմյանըˋ ավելացնելով, որ Հայաստանում իրենք հնարավորություն ունեն բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց մասին խոսելը Իրաքի եզդիների համար վտանգավոր է: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ունենալով հնարավորություն՝ բարձրաձայնելու եզդիների խնդիրները, չի կարող դրանց մասին չխոսել. «Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներն են մարդու իրավունքների, յուրաքանչյուր ազգի՝ կրոնական, մշակութային, քաղաքական եւ սոցիալական իրավունքների պաշտպանությունը։ Բնականաբար, ես, որպես ԵԽ պատգամավոր, բարձրացրել եւ բարձրացնելու եմ Իրաքի եզդիների հանդեպ իրականացվող անընդունելի եւ խիստ մերժելի քաղաքականության հարցերը։ Այն, ինչ կատարվում է Իրաքում եզդի ժողովրդի հանդեպ 21-րդ դարում, ուղղակի անընդունելի է։ Եվ Եվրոպայի Խորհուրդը հենց այն հարթակն է, որտեղ պետք է անպայմանորեն բարձրացվեն մարդու հիմնարար իրավունքների, այս կամ այն ժողովրդի հանդեպ իրականացվող անմարդկային վերաբերմունքի հարցերը։ Մենք իրավունք չունենք լռելու եւ անտարբեր լինելու, եթե մեր աչքի առջեւ ոտնահարվում է մի ողջ ժողովրդի ապրելու, արարելու իրավունքը»,- ասաց տիկին Զոհրաբյանը: