Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ ական պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձել է գազի գնին և նշել է. «Մինչև այդ չգիտեինք, թե գազը ինչ գնով է մատակարվում, քանի որ գազային պայմանագրում գրված է, որ գազը հաշվարկվում է որոշակի բանաձևով, չկա նշած հստակ գին»: Պատասխանելով AraratNews.am-ի այն հարցին, թե միևնույն է, հաշվարկը կատարվում է գազի ծավալով, կալորիականությամբ կամ այլ չափանիշներով, որոնք կարել է տեղադրել բանաձևում և ստանալ հստակ թիվ` Արտակ Դավթյանը նկատել է, որ բանաձևում գործում են այնպիսի չափանիշներ, որոնք փոփոխելի են` տոկոսներ և այլն:
Խոսելով գազային պայմանագրերից` նա պարզաբանել է, որ համաձայնագրերից մեկը վերաբերում է բաժնետոմսի վաճառքին, որտեղ ներկայացված են երաշխիքներ և պայմաններ: Ըստ համաձայնագրի`որոշակի դեպքերում Հայաստանը կարող է հետ գնել նախկինում իրեն պատկանող բաժնեմասը, որը հաշվարկվում է 300 մլն դոլար: Իսկ մինչև այդ Հայաստանը իր բաժնեմասը տալու է պարտքի դիմաց: Արտակ Դավթյանի փոխանցմամբ`այդ 300 մլն դոլարն առաքված գազի դիմաց եղած պարտքն է: Նա բացատրել է, թե այն ինչպես է գոյացել. «Այս ընթացքում բանակցություններ են տեղի ունեցել գնի պահպանման վերաբերյալ, Հայաստանը վճարել է նախկին գնով, սակայն բոլոր բանակցությունների արդյունքում հայկական և ռուսական կողմերն եկել են այն եզրակացության, որ գազի գնի պարտքը 300 մլն դոլար է»: