տուն Լուրեր Մենք որեւէ ամբիցիա այստեղ չունենք, կարեւորը խնդիրներն են. Նաիրա Զոհրաբյան

Մենք որեւէ ամբիցիա այստեղ չունենք, կարեւորը խնդիրներն են. Նաիրա Զոհրաբյան

296
0

Naira-Zohrabyan

«Եթե նախաձեռնությունը ընդամենը հերթական  իմիտացիան է լինելու գոլորշի բաց թողնելու համար, քանի որ հանրությունը մեծապես վրդովված է այս խնդրով, ապա մենք կքննարկենք՝ ընդհանրապես մասնակցե՞լ եւ միանալ այս նախաձեռնությանը, թե ոչ»:

Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանըˋ անդրադառնալով երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից այն հայտարարությանը, թե իշխանական մեծամասնությունը առանձին հանդես կգա գազի համաձայնագիր ստեղծելու առաջարկությամբ:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա քառօրյայում ոչ իշխանական 4 խմբկացությունների կողմից ներկայացված նախաձեռնությունըˋ գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, քվեարկության ժամանակ իշխանական ձայների մեծամասնությամբ մերժվել էր: Այն միտված էր բացահայտելու գազի 300 միլիոն դոլար պարտքի, սահմանին եւ սպառողին հասցված գազի գների շուրջ 200 դոլար տարբերության եւ ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասը գնահատելու մութ, անհասկանալի գործարքները:

«Այժմ կտեսնենք, թե ինչ ֆորմատով է լինելու իրենց նախաձեռնությունը, իրենց ասելով՝ այդ լրջագույն խնդիրները քննարկելու համար: Մենք որեւէ  ամբիցիա չունենք, եթե իրենց նպատակը այն է, որ նախաձեռնողը անպայման իրենք պետք է լինեն, քավ լիցի, թող կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով: Մենք որեւէ ամբիցիա այստեղ չունենք, կարեւորը խնդիրներն են, որ հուզում է հանրությանը եւ քաղաքական ուժերին, բարձրացվեն եւ քննարկվեն»,- ասաց Զոհրաբյանը:

Ըստ նրաˋ Հայաստանը այսօր կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջեւ եւ այսպես շարունակել այլեւս չի կարելի: Զոհրաբյանը նշում է, որ երկրին անհրաժեշտ են լրջագույն համակարգային փոփոխություններ:

«4 քաղաքական ուժեր փորձել են եւ փորձում են ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ: Մենք ունենք մի քանի լրջագույն խնդիրներ մեր քաղաքական օրակարգում եւ փորձում ենք փոքր քայլերի հաջողությամբ շարժվել առաջ: Կվերածվի՞ մեր համագործակցությունը  շատ ավելի լայն քաղաքական օրակարգ ընդգրկող խնդիրների, ես կարծում եմ ցույց կտա ժամանակը: Հաջորդ քառօրյայում նույնպես 4 քաղաքական ուժերով մենք կունենանք լրջագույն  նախաձեռնություն լրջագույն  խնդրի վերաբերյալ»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը: