տուն Լուրեր «Մենք խառնվում ենք իրար այն ժամանակ, երբ կրակոցներ չեն լինում». Սահմանամերձ ...

«Մենք խառնվում ենք իրար այն ժամանակ, երբ կրակոցներ չեն լինում». Սահմանամերձ գյուղերի գյուղապետերը՝ գիշերը հնչած կրակոցների մասին

179
0

kr

Երեկ, ուշ երեկոյան, մամուլում հրապարակումներ եղան, որոնց  համաձայն Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է բացել: Հրապարակումների համաձայն՝ իրավիճակն այնքան լարված է եղել, որ մարդկանց տարհանել են իրենց տներից: Այս միջադեպի հետ կապված Araratnews.am-ի լրագրողը զրուցել է  Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանի հետ, ով վստահեցրել է, որ գյուղում ամեն ինչ հանդարտ է. «Մամուլում հրապարակվել է տեղեկություն, թե  գյուղում տարհանում և խուճապ է, բայց ես ասեմ, որ չկա նման բան, դրանք հիմարություններ են, կրակոցներ միշտ էլ եղել են, դա մեր գյուղացիների համար սովորական բան է, ասեմ ավելին` մենք խառնվում ենք իրար այն ժամանակ, երբ կրակոցներ չեն լինում, իսկ հիմա ամեն ինչ նորմալ է, եթե նորմալ չլիներ՝ դպրոց, մանկապարտեզ կգործե՞ր, իսկ մեզ մոտ այդ երկու կառույցներն էլ նորմալ գործել են այսօր»,- վստահեցրել է Մովսես գյուղի գյուղապետը:

Araratnews.am-ի լրագրողը զրուցել է նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ, ով ևս վստահեցրել է, որ դրությունն այս պահին ամենևին էլ լարված չի, և որ կրակոցներ միայն երեկ գիշերը չեն եղել։ 15-20 տարի է՝ այդ վիճակն է. «Մենք ոչնչից չենք վախենում, արդեն սովորել ենք, և այդ կրակոցները սովորական բնույթ են կրում, այնպես, որ մեզ ոչ մի կրակոց չի կարող խուճապի մատնել, մենք հերոս ժողովուրդ ենք»,- եզրափակել է Մանվել Կամենդատյանը:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here