Ներազգային Ազատագրական շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է գազի որակի վերաբերյալ հարցին, թե հատկապես ինչն է բնակիչերին անհանգստացնում, որ վերջիններս պնդում են, թե գազն անորակ է: «Դեկտեմբերի սկզբներից Հայաստանի տարբեր շրջաններից ունեցանք տեղեկություններ, որ գազի որակն ընկել է: Փորձեցինք պարզել թե ինչն է պատճառը: Մեզ ներսից այս հարցում աջակցող մարդ եղավ, ում անունը չեմ կարող նշել, ով մեզ տեղեկացրեց, որ գործի է դրվել սարք, որը մեթանի հետ ազոտ է խառնում՝ գցելով գազի կալորիականությունը: ՀայՌուսգազարդից ինձ հետ կապվեցին, փորձելով ապացուցել, որ նման բան գոյություն չունի»,-նշել է բանախոսը: Նա նաև ավելացրել է, որ նույն տեսակի սարքեր երկու տարի առաջ դրվել են Ուկրաինայում, որտեղ դատական գործընթացներ են սկսվել. «Մի ամբողջ ազգ, դեկտեմբերի սկզբներից սառչում է: Առանց պատճառ,առանց հիմք անհնար էր, որ օրինակ ջերմոց ունեցող մարդը կամ տնային տնտեսուհին բողոքեին, որ սուրճը առաջվանից դանդաղ է եփվում։ Մեր ունեցած տեղեկություններով ԳազՊրոմԱրմենիան երեք ազոտային կայան է գնել, որոնց միջոցով էլ գազի որակը ցածրացնելով՝ ծավալն են մեծացնում»,- բացատրել է Վահան Մարտիրոսյանը:
Լրագրողների այն հարցին, թե որտեղ են տեղադրված այդ կայանները, բանախոսն ասել է, որ իր աղբյուրը չի նշել կոնկրետ վայրը. «Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այդ սարքերից յուրաքանչյուրի արժեքը 350.000 ամերիկյան դոլար է»,- ավելացրել է Վահան Մարտիրոսյանը: Հարցին, թե դիմել է արդյո՞ք գրավոր հարցումով պարոն Մարտիրոսյանը ՀայՌուսգազարդին, բանախոսը պատասխանել է՝ ոչ. «Իմ շարժման անդամների մեջ կա ֆիզիկոս, ով ինձ գիտականորեն է մեկնաբանել եղելությունը: Ինձ նաև պատասխան է տրվել, որ գազօջախների որակն ընկել է: Սա ցինիզմի դրսևորում է, շատ մանկամիտ որակում: Ես դիմում եմ բոլոր ընկերություններին իմ շարժման անունից, որպեսզի միանան այս պայքարին>,- նշել է Մարտիրոսյանը և ավելացրել, որ իր հաջորդ քայլը դատարան դիմելը կլինի:
Արմեն Մկրտչյան