Կառավարության նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին առաջարկեց անդրադառնալ մամուլի այն հրապարակումներին, թե Հայաստանում աննախադեպ գնաճ է լինելու Մաքսային միությանը անդամակցելուց հետո: Նախարարն ասաց, որ այդ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում և որ իրենց գնահատականներով՝ Մաքսային միությանն անդամակցումը առավելագույնը 1.5%-ի գնաճային ճնշում կառաջացնի:
«Ես միշտ ասել եմ, որ լրացուցիչ ինֆլյացիան ՄՄ անդամագրվելուց հետո կհասնի մինչև մեկուկես տոկոսի: Դրանից ավելի բարձր գնաճային ճնշում չենք կարող ունենալ: Խնդիրը առաջացել է բացառություն կազմող ապրանքներից, որոնց ցանկը մենք հրապարակել էինք, իսկ մարդիկ դրանք օգտագործում են իրավիճակը սրելու համար»,- ասաց նախարարը:
Ըստ նախարարի՝ գործարարների հետ երբեմն հանդիպումներ են լինում, քանի որ գնաճի վերաբերյալ տեղեկություններից նրանց մոտ ևս տարբեր հարցեր են առաջանում:
«Մենք պետք է լինենք առավելագույնը բաց ու թափանցիկ, թյուրիմացությունների դեպքում առաջին աղբյուրներից տեղեկատվություն տրամադրենք»,- ասաց Տիգրան Սարգսյանը։