«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունումը մարդու իրավունքների խախտում է։ Մարդու հիմնական իրավունքներից մեկը սեփականության իրավունքն է: Դա վերաբերում է նաև մարդու աշխատավարձին: Երբ այսօր քննարկվում է, թե ինչ որոշման կգա ՍԴ-ն, հասկանում ենք, որ արդեն կա խախտում,- այս կարծիքին է « Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
«Կան դեպքեր, որբ մենք ինքներս պետք է գանք եզրակացության՝ պե՞տք է մեզ այս կամ այն բանը թե` ոչ: Եվ դա արել են «Դեմ եմ»-ի ակտիվիստները: Շարժման անդամներն իսկապես ճիշտ հարցադրումներ են կատարում: Այդ 30-40 տարի սպասվող վերադարձը որևէ մեկի մոտ վստահություն չի ներշնչում»,- ասում է Լարիսա Ալավերդյանն ու ևս մեկ անգամ հաստատում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունումը մարդու իրավունքների խախտում է: «Դա նախևառաջ սեփականության մասին իրավունքի խախտում է: Մարդն ինքն իրավունք ունի տնօրինել իր եկամուտները: Բոլորիս իրավունքներն են խախտվում, որովհետև մենք այդպես էլ չիմացանք, թե ինչու այդ կուտակված գումարները չեն օգտագործվում պետբյուջեում, այլ տալիս է անհատ կազմակերպությունների և թույլ է տալիս դրանք արտահանել։ Երբ գործատուներն արդարանում են, թե իրենց էլ «վերևներից» են ստիպում, պետք է իմանան, որ անօրինական հրաման կատարողն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում իր անօրինական գործունեության համար»,- հավելեց նա։