Ինչպես ավելի վաղ ԱԻՆ պաշտոնական կայք էջը տեղեկացրել էր, հունվարի 28-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում լսվել են պայթյունի ձայներ, կոտրվել են պատուհաններ: Պարզվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում. փլուզվել է հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ) և կոտրվել 2 պատուհան: Պայթունի հետևանքով 4 հոգի, որոնցից 3-ը մանկահասակ երեխաներ են, ստացել են մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ: Araratnews.am-ի լրագրողը երեկ այցելել է դեպքի վայր և պարզել մանրամասները:
Պարզվում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ Պետրոսյանների ընտանիքի անդամներից մեկը ցանկացել է վառարանում փայտ գցել: Երբ վերջինս բացել է վառարանի դուռը, տեղի է ունեցել պայություն: Ըստ տուժող ընտանիքի անդամների, ամենայն հավանականությամբ, բնակարանում առկա է եղել գազի արտահոսք, ինչն էլ դարձել է պայթյունի պատճառը:
Պայթյունի հետևանքով փլուզվել էր բնակարանի սենյակի պատն ամբողջությամբ և ջարդվել էին տան բոլոր պատուհանները:
Անդրադառնալով տուժածներին` նշենք, որ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Բուժող բժիշկ Օգանեզովը Araratnews.am-ի հետ զրույցում նշել է, որ հիվանդների վիճակից ավելի մանրամասն կկարողանան խոսել 5-6 օր անց:
Էմմա Պալյան