ՀՀԿ-ում կուսակցական կառույցների հաշվետվությունների շրջանն է, այն կտեւի մինչեւ մարտ ամիս: Տեղական կառույցների հաշվետվություններից հետո ամփոփիչ հաշվետվությամբ ԳՄ-ում հանդես կգա կենտրոնական գրասենյակը: Հիշեցնենք, որ 151 հազարանոց ՀՀԿ-ն ունի ընդամենը 22 տարածքային կառույց, որոնցից 12-ը՝ Երեւանում, 10-ը` մարզերում: Ինչների՞դ են պետք հաշվետվությունները` ոչ նախագահական ու ոչ էլ խորհրդարանական ընտրություններ չկան, հաշվետվում եք, որ ի՞նչ անենք: «Որ պատրաստվենք ՏԻՄ ընտրություններին». բանն այն է, որ Սերժ Սարգսյանը ՏԻՄ ընտրություններն ավելի է կարեւորում, քան խորհրդարանականը, եւ գտնում է, որ տեղական կառույցներով է միայն հնարավոր ծածկել խորհրդարանական ընտրությունների աշխարհագրությունը՝ տեղեկացրին Սերժ Սարգսյանի «գրասենյակից»: Ընդ որում` ընտրությունները Հայաստանում ընթանալու են «նոն-ստոպ» տարբերակով. 2016-ին` տեղական ինքնակառավարման, 2017-ին` խորհրդարանական, 2018-ին` նախագահական: Այս անգամվա ՏԻՄ ընտրությունները լինելու են «մի ուրիշ ձեւ թեժ», որովհետեւ դրանցում «բոյ» են տալու ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ Քոչարյանն ու ԲՀԿ-ն, նրանցից հետ չեն մնալու ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը: Վերջինս նույնպես Սերժ Սարգսյանի հորդորով «մխրճվել» է իր տեղական կառույցները պնդացնել-քոքելու գործընթացի մեջ:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը