տուն Լուրեր «Հրապարակ».Պայքարի շարունակականությունը կարող է ստիպել իշխանություններին հաշվի նստել

«Հրապարակ».Պայքարի շարունակականությունը կարող է ստիպել իշխանություններին հաշվի նստել

110
0

1544055_580657825345784_1754082056_n

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի հանրահավաքը քաղաքագետները հաջողված համարեցին՝ որպես առաջին նման մասշտաբային ակցիա, եւ համոզմունք, որ պայքարի շարունակականությունը կարող է ստիպել իշխանություններին հաշվի նստել հասարակության լայն զանգվածների պահանջի հետ:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչի վերաբերյալ օրենքի նախագիծը խորհրդարանական չորս ուժերը՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն», վիճարկման են ներկայացրել ՍԴ-ում: Վերջինների եւ «Ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի» նախաձեռնության համատեղ շաբաթօրյա հանրահավաքով պայքարը չի սահմանափակվելու: Համենայնդեպս, քաղակտիվիստները վստահեցնում են, որ իրենք հույսը չեն դնելու ՍԴ-ի վրա, «տարբեր ակցիաներ են տեղի ունենալու, քննարկվում են դիմադրության գործողությունների տարբերակներ, քաղաքացիական անհնազանդության տարբեր միջոցառումներ` փողոցների փակում, կոմունալ վճարների հետաձգում, գործադուլներ»:

Երեկ տեղեկացանք, որ մինչեւ հունվարի 25-ը ՍԴ-ն պետք է նիստ հրավիրի (կոնկրետ օրը հայտնի չէ), օրենքը կասեցնելու որոշում ընդունի, իսկ մարտին էլ քննարկի դրա հակասահմանադրականության հարցը: Թե ինչ ազդեցություն կգործի բազմամարդ հանրահավաքը ՍԴ որոշման վրա՝ հաշվի առնելով խնդրի մասշտաբայնությունը, երեկ մեր այս հարցին ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը հրաժարվեց պատասխանել: «Համաձայն օրենքի՝ ընդունված վարույթի, ընդունված գործի վերաբերյալ իրավունք չունենք կարծիք հայտնելու, դա կլինի ոչ միայն օրենքի, այլեւ էթիկայի կոպիտ խախտում,- պատճառաբանեց ՍԴ անդամը՝ միաժամանակ նշելով, որ իրենք պետք է ղեկավարվեն ոչ թե հասարակական կարծիքով, այլ գործող օրենքով կամ Սահմանադրությամբ: — «Ճիշտ հասկացեք, ես ոչ թե խուսափում եմ պատասխանից, այլ ինձ, ՍԴ օրենքի համաձայն, կտրականապես արգելված է նախապես կարծիք հայտնել գործի քննության վերաբերյալ»:

Իրավաբան, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ «հանրահավաքները եւ ընդհանրապես մասսայական բողոքի ակցիաները» ցույց են տալիս, թե ինչքանով է տվյալ խնդիրը կարեւոր հասարակության համար, իսկ թե այդ հանրահավաքն ինչ ազդեցություն կունենա ՍԴ որոշման վրա, պատգամավորը դժվարանում է պատասխանել: «Իրավական տեսանկյունից՝ ՍԴ-ն կնայի միայն տվյալ օրենքի սահմանադրականությունը, ոչ թե, ասենք, քանի հազար հոգանոց հանրահավաք եղավ: Հանրահավաքը պարզապես կարող է ապացույցը դառնալ այն փաստի, թե քանի մարդու է մտահոգում այդ հարցը,- ասաց պատգամավորը՝ հավելելով:- Բայց հասարակական խնդրի տեսանկյունից քննարկելով հարցը՝ եւ ՍԴ-ն ու նրա անդամներն էլ, որպես այդ հասարակության մի մաս, իհարկե, ցանկացած բողոքի ակցիա պետք է որոշակի ազդեցություն ունենա, հասարակական տրամադրությունների մասին մեսիջ տա»: Մարուքյանը նույնպես ստորագրել է ՍԴ ներկայացված փաստաթղթի տակ եւ համարում է, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ կան:

Պայքարի շարունակականության հանգամանքը կարող է ստիպել իշխանություններին վերանայել սույն որոշման նախագիծը եւ ժամանակավորապես հետաձգել օրենքի կիրառումը: «Քաղաքացիական հասարակության դժգոհության ցանկացած դրսեւորում, նմանատիպ միջոցառում, հավաք կարող է հիմք հանդիսանալ քննարկման, նայելու, վերանայելու, քննարկումներ կազմակերպելու համար, բայց իրավական առումով չի կարող հիմք հանդիսանալ»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը:

Իշխանությունը մտավախություն չունի՞, որ սկսված շարժումը հզոր պայքարի կվերածվի, քանի որ ակտիվիստները հայտարարել են, որ անգամ անհնազանդության կոչերով հանդես կգան: «Բացի քաղաքացիական անհնազանդությունից, քաղաքացիական հասարակությունը եւ ցանկացած քաղաքացի ազատ է իր կարծիքը հայտնելու մեջ այնքան ժամանակ, քանի դեռ օրենքին չեն հակասել»,- հակադարձեց Սահակյանը: ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ պատասխանել հարցին՝ կվերանայվի՞ այս օրենքի կիրառումը, թե՞ ոչ: «Քանի դեռ ՍԴ-ն որոշում չունի, մենք մեր թիմով վճռական ենք եւ կարծում ենք, ի դեմս այս օրենքի, ներդրման լուրջ բարեփոխում ենք արել: Եթե ՍԴ-ն այլ որոշում կայացնի, ապա դա ոչ իմ կարծիքն է, ոչ ձեր, ոչ էլ քաղաքացիական հասարակության, եւ, միանշանակ, օրենքը չեղյալ կհայտարարվի»: ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ պատասխանել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի. «Ես վստահ եմ եղել, որ օրենքը Սահմանադրությանը չի հակասում, դրա համար եմ քվեարկել դրա օգտին»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը իր այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here