«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Մեր աղբյուրների փոխանցմամբ` մինչեւ ապրիլ տեղի կունենան ոչ միայն մի շարք նախարարների, «ժամկետանց» մարզպետների փոփոխություններ, այլեւ որոշ հետաքրքիր «ռակիրովկաներ»: Ըստ ամենայնի` Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման «քրեական գործով» անցնող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ըստ որոշ տեղեկությունների, «կտեղափոխեն» Կոտայք` Կովալենկո Շահգալդյանի պոստին տիրություն անելու, նախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել Արարատի ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որին, ըստ մեր աղբյուրների, մարզպետ նշանակելու իմաստը մարզում ստեղծված լարված իրավիճակը թուլացնելն էր՝ կապված դիզվառելիքի, ձկնաբուծական եւ ջրօգտագործման խնդիրների հետ, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի եւ Լոնդիկի «լուծը» թեթեւացնելը: Այժմ մարզպետը մարզը որոշակիորեն «բեռնաթափել» է Աբրահամյանի կադրերից` լուծելով իր առջեւ դրված թիվ մեկ խնդիրը, ուստի կարող է ստանձնել հաջորդ՝ նախարարի պաշտոնը:
Մանդատից ինքնակամ հրաժարված Խաչիկ Հարությունյանը դեռեւս նոր աշխատանքի չի անցել: Նոյեմբերին հայտարարվեց, որ ՕԵԿ պատգամավորը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել, որպեսզի ղեկավարի ՀԱՊԿ ակադեմիան: Երեկ Հարությունյանը մեզ հետ զրույցում թեպետ նշեց, որ արդեն աշխատանքի է անցել, սակայն պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ. «Դեռ բավականին աշխատանքներ կան անելու, ակադեմիան դեռ չի գործում որպես այդպիսին, բավականին աշխատանքներ կան այնտեղ՝ շինարարական, բավականին ծրագրերի հետ կապված, մինչեւ տեսնենք, թե երբ կգործի»: Փաստորեն, Հարությունյանը դեռեւս չգործող ինստիտուտում պարզապես նշանակված ռեկտոր է՝ ոչ ավելի: Սա նշանակում է, որ նա ոչ թե ինքնակամ հրաժարվեց պատգամավորական մանդատից, այլ որպեսզի խորհրդարան գա Արթուր Բաղդասարյանի մտերիմ, Հեղինե Բիշարյանի բարեկամ Լեւոն Դոխոլյանը:
Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը