Միացյալ Թագավորության վարչապետ: Դա ամենաբարձր եւ պարտավորեցնող տիտղոսներից մեկն է երկրագնդի վրա: Ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող ՄԹ վարչապետի նստավայրին են նայում մարդիկ աշխարհի չորս ծագերից: Սիրիացիները Լոնդոնից հայցում են Ասադի հանցագործություններին վերջ դնել, աֆրիկյան Սահարայի բնակիչները՝ սովը հաթահարել, Բրյուսելից հայցում են եվրոպական միասնականությանը նպաստել, ամերիկյան մայրցամաքից` ահաբեկչությունների դեմ պայքարել, Հեռավոր Արեւելքից` նախկին գաղութները չինական ասիմիլյացիայից պաշտպանել:
Այդպես է, որովհետեւ ամենքն ընդունում են բրիտանական գահի եւ կառավարության արժանիքները, հեղինակությունն ու առաջնությունը: Ինչո՞ւ: Որովհետեւ Բրիտանիան եղել եւ մնում է մարմնացում մարդկային բարեկրթության, բանականության, ուժի եւ բարոյականության: Եղե՞լ է մարդկային պատմության մեջ մեկ այլ տերություն, որի նախկին գաղութները, անգամ փաստացի անկախություն նվաճելուց հետո, նախընտրեն հպատակ մնալ մետրոպոլիայի գահին: Միչդեռ բրիտանական գահի պարագայում այդպես է. Ավստրալիան թե Նոր Զելանդիան, Հնդկաստանը թե Կանադան եւ, առհասարակ, Բրիտանական համագործակցության 53 երկրներից յուրաքանչյուրը պատիվ է համարում Միացյալ Թագավորության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները, իսկ երկրներից 24-ում պետության գլուխը հենց Մեծ Բրիտանիայի գահակալն է:
Ինչպե՞ս է Բրիտանիային դա հաջողվում: Երեկ հերթական դրվագն է գրվել Միացյալ Թագավորության պատմության մեջ, որը բացատրում է այդ երկրի հեղինակության գաղտնիքը: Ինչպես հայտնի է, Շոտլանդիայում այս տարի սեպտեմբերին անցկացվելու է հանրաքվե, որի արդյունքով կորոշվի՝ արդյոք Շոտլանդիան կմնա՞ Միացյալ Թագավորության կազմում, թե՞ կհռչակի անկախություն: Շոտլանդիայում կան ինչպես անկախության կողմնակիցներ, այնպես էլ Միացյալ Թագավորությունից չառանձնանալու կողմնակիցներ: Երեկ ՄԹ վարչապետը Լոնդոնում խոսել է այդ մասին եւ ինչ է ասել: Նա դիմել է Անգլիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի բնակիչներին. «Ես խնդրում եմ, եկեք խնդրենք շոտլանդացիներին, որ նրանք մնան մեզ հետ: Մենք միասին ենք հասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալու ներկա կշռին ՆԱՏՕ-ում եւ Եվրոպայում: Մենք ուղղակի ավելի մեծ եւ ուժեղ ենք միասին: Մենք շատ կնսեմանանք առանց Շոտլանդիայի»:
Քանի՞ կառավարության ղեկավար կգտնվի, որ անկախության ձգտող իր տարածքային միավորին այդպես խնդրի, մեծարի եւ համոզի: Ընդ որում, Շոտլանդիայում ընդամենը 4 միլիոն մարդ է մասնակցելու հանրաքվեին: Իսկ Քամերոնը դիմել է Բրիտանիայի բոլոր 59 միլիոն բնակիչներին եւ կոչ է արել իր հետ միասին խնդրել շոտլանդացիներին, որ մնան միասին: Դա է մարդկային քաղաքակրթությունը, դա է Բրիտանիայի հմայքը:
Կամա-ակամա մտածում ես, որ Բրիտանիայի երեւի բոլոր վարչապետներն են արժանի լինում իրենց զբաղեցրած աթոռին: Ինչպե՞ս կարելի է զուգահեռ չանցկացնել Դեյվիդ Լլոյդ Ջորջի ֆրազի հետ, որ նա արտասանել է 1912-ին, Հնդկաստանի կապակցությամբ. «Այն ժողովուրդը, որ չի ճանաչում այլոց ազատությունը, չի կարող ինքն ազատ լինել»: Մեկ դար անց Միացյալ Թագավորության մեկ այլ վարչապետ նույն բարձրության վրա է:
Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ «Հրապարակ» օրաթերթը