Հունվարի 1-ից դադարեցրել են Զբաղվածության պետական ծառայություն գործակալության տարածքային կազմակերպություններում գրանցվածներին 18 հազար դրամ նպաստ տալը: Օրենքում փոփոխության հիմնավորումն այն է, թե մարդիկ գերադասում են այդ նպաստն ստանալ, քան թե աշխատել, հասցեականությունը ճիշտ չէր եւ այլն: Զբաղվածության գործակալություններում դժգոհում են, թե իրենց մոտ հաշվառված անձինք չեն համաձայնում առաջարկվող աշխատանքն ընդունել:
Հայաստանում պաշտոնապես կա 250 հազար գործազուրկ, որոնցից 65 հազարը գրանցված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության ծառայություն» պետական գործակալությունում: Սովորաբար, գործատուները նաեւ այս գործակալության միջոցով են որոնում աշխատողների: Հիշյալ կազմակերպության տվյալների հիման վրա փորձենք պարզել, թե գործազուրկին ինչ աշխատանք է առաջարկվում:
2014-ի փետրվարի 2-ի դրությամբ պետությունը 65 հազար գրանցված գործազուրկին առաջարկում է 1618 աշխատատեղ, որոնցից 925-ը մարզերում է, 693-ը՝ Երեւանում:
Երեւանում հաշվառված է 20 հազար գործազուրկ: Փաստորեն, կառավարությունը Երեւանում գրանցված այդքան աշխատանք փնտրողին առաջարկում է ընդամենը 700 աշխատատեղ:
Աջափնյակ վարչական շրջանում կա 52 թափուր աշխատատեղ՝ 45-90 հազար դրամ աշխատավարձով: Պահանջում են բանվոր (55 հազար դրամ), դեղագործ (45 հազար դրամ), բուժքույր, հավաքարար, վարորդ, առաքիչ, վարսավիր եւ այլն: Այստեղ որեւէ աշխատատեղ չի գերազանցում 90 հազար դրամը:
Ավանում կա ընդամենը 3 թափուր աշխատատեղ` մեկը կարբյուրատորի մասնագետի, մյուսը պետք է նույն՝ 100 հազար դրամով 9 ժամ ինժեկտոր մաքրի, երրորդը 60 հազար դրամով աշխատի խոհարար:
Արաբկիրում 32 թափուր աշխատատեղից ամենաբարձրն ավտոկռունկավարին են վճարում եւ վարորդին՝ 120 հազար դրամ, եւ մի ատամնատեխնիկի՝ 100 հազար դրամ: Մնացածը չեն անցնում 90 հազար դրամը:
Դավիթաշենում կա ընդամենը 8 աշխատատեղ՝ 60-100 հազար դրամով:
Ամենաշատ աշխատատեղերն Էրեբունի-Նուբարաշենում են՝ 150 աշխատատեղ, որոնցից 71-ի դիմաց գրված է 0 դրամ. դրանք այնպիսի աշխատատեղեր են, որ, վստահաբար, նվազագույն աշխատավարձը գրեթե չեն գերազանցելու՝ բանվոր, կոյուղագործ, դաստիարակ եւ բազում հավաքարարներ: Նուբարաշենում ավտոլվացողին կտան 120 հազար դրամ, կռունկավարին՝ 150 հազար, ոսկերչին՝ 100 հազար, վերելակի էլեկտրամեխանիկին՝ 120 հազար դրամ: Փաստորեն, 150 աշխատատեղից ընդամենը մի քանիսն է, որ 100 հազար դրամ եւ մի քիչ ավելի է գնահատվում:
Կենտրոն, Նորք-Մարաշ ԶՏԿ-ում առաջարկվում է 238 աշխատատեղ, որոնցից 100-ը՝ ոստիկանության շարքային ծառայող, 130 հազար դրամ աշխատավարձով: Մեկ աշխատատեղ էլ 110 հազար դրամով է՝ «դռնախչի», եւ 100 հազար դրամով մեկ բժշկի: Մյուսների համար բավականին ցածր աշխատավարձ է սահմանված: Օրինակ, պահանջում են վարսահարդար՝ հաճախորդով. հետաքրքիր է՝ եթե ունեցավ հաճախորդ, ինքն էլ մի անկյունում վարսահարդարում կանի, ինչո՞ւ է համաձայնելու ձեր տված աշխատանքին:
Մալաթիա-Սեբաստիայում կա ընդամենը 58 աշխատատեղ, որոնցից համակարգչային մեկ օպերատոր կստանա 120 հազար դրամ, մյուսները՝ 90 հազար եւ պակաս:
Նոր Նորքում 29 աշխատատեղից 2-ը 100 հազար դրամ աշխատավարձով է՝ կահույքագործի եւ զոդողի:
Շենգավիթում կա 46 թափուր աշխատատեղ: 24-ի դիմաց 0 դրամ է գրված:
Քանաքեռ-Զեյթունում՝ 77 աշխատատեղ, որոնցից 62-ի դիմաց 0 թիվն է: Ամենաբարձրը պահեստի բանվորն է ստանալու՝ 80 հազար դրամ: Աղբահանող բանվորը կստանա 67 հազար դրամ, լրացուցիչ ուղեգրերի դեպքում՝ եւս 1000 դրամ:
Նախորդ տարի նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունվարի 31-ին լինելով Չարենցավան քաղաքում՝ ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մարդիկ չեն ցանկանում ցածր աշխատավարձով աշխատել, այլ նախընտրում են նպաստ ստանալ: Նախագահից դեռ առաջ էլ նման մի հայտարարություն արեց վարչապետը՝ 2012-ի նոյեմբերի 16-ի մի գիտական ժողովում: Ասաց, թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ:
Երբ Երեւանի ԶՏԿ-ներում փնտրում ենք պետության առաջին դեմքերի ակնարկած 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերը, պարզվում է, որ այդ 700 աշխատատեղից, եթե ոստիկաններին հանենք, ընդամենը 20-ի չեն հասնում 100 հազար դրամից բարձրերը, եւս մի քանի օրավարձով աշխատանքներ: Ստացվում է, որ «հազարավոր աշխատատեղեր» արտահայտությունը՝ ուղղված թամբալ երեւանցիներին, փուչիկ է:
Նախ 65 հազար գրանցված գործազուրկին ընդամենը 1600 աշխատատեղ տրամադրելն է զավեշտ, ապա՝ աշխատավարձը: Ամենապահանջված աշխատողներն են դերձակը, հավաքարարը, վարորդը, հացթուխը, ավտոլվացողը, բժիշկները: Ամենաշատը կա բժիշկների կարիք, հատկապես՝ մարզերում:
Մարզերում իրավիճակը շատ ավելի ծանր է, քան Երեւանում. Աբովյանում լրագրող են պահանջում՝ 50 հազար դրամ աշխատավարձով, առավել փոքր գումարով՝ մանկաբույժ եւ դասախոս: Արդյունաբերական հզորությամբ հայտնի Ալավերդի քաղաքում ընդամենը 6 թափուր աշխատատեղ է գրված, Արմավիրում՝ 3, այն էլ՝ քաղաքապետարանում:
Ստեփանավանում 10, 7-ը՝ նվազագույնից ցածր աշխատավարձով:
Վաղարշապատում կա ընդամենը 3 աշխատանք՝ խորոված պատրաստող եւ երկու վարորդ՝ մինչեւ 80 հազար դրամ աշխատավարձով: Վայքում 5 աշխատողի կարիք ունեն. ուշագրավ է, որ այստեղ մարզչին տալիս են 60 հազար դրամ, ուսուցչին՝ նույնպես, իսկ պահակին՝ 59,600 դրամ: Մարալիկում պահանջում են հոգեբույժ՝ բարձրագույն մասնագիտական կրթությամբ, նյարդաբան, ուռուցքաբան, սրտաբան եւ այլն՝ ընդամենը 37 հազար դրամով, իսկ գինեկոլոգին պատրաստ են վճարել 32,500 դրամ, որը վաղուց արդեն ցածր է նվազագույն աշխատավարձից: Եղեգնաձորում պահանջում են կթվորուհի, ով պետք է 12 ժամ աշխատի՝ ստանալով ընդամենը 40 հազար դրամ: Իջեւանում կա ընդամենը 5 թափուր աշխատատեղ, որոնցից մեկն էլ կոյուղագործի «պաշտոնն» է՝ 32,500 դրամով: Մասիսում ընդամենը 3 աշխատատեղ կա, երկուսը՝ 30 հազար դրամով. պահանջվում են կարատեի եւ ազատ ոճի ըմբշամարտի մարզիչներ: Ամենաքիչ աշխատատեղը Նոյեմբերյանում է՝ ընդամենը 1-ը. աշխատակազմի ղեկավար՝ 132 հազար դրամով: Ամենաշատ աշխատատեղերը Գյումրիում են՝ 157: Ամենաբարձրն այստեղ ստանում է մանկաբարձ-գինեկոլոգը՝ 200 հազար դրամ, ապա՝ աղբատարի վարորդը եւ ընտանեկան բժիշկը՝ 150 հազար դրամ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը՝ 120 հազար դրամ: Փոխարենը 50 հազար դրամով կա «մամուլի խմբագիր» հաստիք: Փաստորեն, ամբողջ Գյումրիում 157 աշխատատեղից ընդամենը 4-ի դեպքում է աշխատավարձը գերազանցում 100 հազար դրամը:
Առաջարկվող ամենաբարձր աշխատավարձը 250 հազար դրամն է՝ անեսթեզիոլոգի, Վարդենիսում:
Վարձատրության ցածր լինելը, բնականաբար, ազդում է աշխատանքի որակի վրա: Երբ, օրինակ, որակի հսկիչին տալիս են ընդամենը 60 հազար դրամ, 45 հազար դրամ՝ կոյուղագործին, դասախոսին, մարզչին, հասկանալի է, որ չի կարելի որակ ակնկալել: Իսկ բժիշկը մշտապես նայելու է հաճախորդի գրպանին: 50 հազար դրամ ստացող հոգեբույժի հիվանդը, վստահաբար, հոգեբուժարանից դուրս չի գա: Նույն՝ նվազագույն աշխատավարձն է նախատեսված եւ գինեկոլոգին, եւ դեղագործին, եւ անգլերեն դասավանդողին, եւ հավաքարարին, եւ բժշկին: Սա նշանակում է, որ մեր երկրում մասնագիտությունն ու աշխատավարձը միմյանց չեն համընկնում: Բնականաբար, երբ մարդուն աշխատավարձը քիչ են տալիս, փնտրում է համատեղելի այլ աշխատանք, եւ դա ազդում է աշխատանքի որակի վրա:
Ընդ որում, բազմաթիվ են Աշխատանքային օրենսգիրքը խախտող աշխատատեղերը: Օրինակ՝ Դավիթաշենում պահանջվում են 80 հազար դրամով ավտոլվացող, որը պետք է աշխատի 14 ժամ, վարսահարդարը՝ 80 հազար դրամով՝ եւս այդքան, իսկ 100 հազար դրամ ստացող վարորդը՝ 15,5 ժամ: Աշխատանքային օրենսգրքում 15,5 ժամի մասին խոսք անգամ չկա, բայց արի ու տես, որ աշխատանք կա:
Օրենսգիրքը խախտվում է այլ կետերով եւս: Օրինակ՝ կան բազմաթիվ աշխատատեղեր, որոնց համար սահմանված աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից. Կենտրոնում հեռախոսավարին կտան 40 հազար դրամ, Նոր Նորքում հավաքարարին՝ 37 հազար, երբ նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է: Իսկ նման վարձատրությամբ աշխատատեղեր շատ կան:
Կառավարության հունվարի 9-ի նիստից հետո սոցապնախարար Արտեմ Ասատրյանն ասաց, թե իր ղեկավարած նախարարությունը 2014թ. որդեգրել է երեք գերակա ուղղություն, որոնցից առաջինը զբաղվածության նոր մոդելի ներդրումն է, որն էլ նախատեսում է մեկ տասնյակից ավելի զբաղվածության ակտիվ ծրագրեր, եւ աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման ու աշխատանքով ապահովման ծրագրեր: Նման աշխատավարձով նման ծրագրեր կազմելը, մեղմ ասած, աբսուրդ է: Աբսուրդ է նաեւ 250 հազար գործազուրկին 1600 աշխատատեղ առաջարկելը:
Բնականաբար, նման եռուն ժամանակաշրջանում ամենաշատը իշխանությանը հարկավոր են իշխանությունը փշալարով ու մահակներով պահող ոստիկաններ, եւ միանգամայն հասկանալի է, թե ինչու միայն Երեւանի կենտրոնում 100 ոստիկանի կարիք կա:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը