տուն Լուրեր «Հրապարակ». Հետաքրքրության վեկտորը

«Հրապարակ». Հետաքրքրության վեկտորը

65
0

Հրապարակ

Հետաքրքիր ժողովուրդ ենք՝ «Նիմֆոմանուհի» ֆիլմի ճակատագրով ավելի շատ ենք մտահոգված, քան մեր երկրի: Հաստատ կարելի է պնդել, որ այս ֆիլմի արգելման պատմությունն ավելի բուռն քննարկվեց, քան Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը: Գոնե ֆեյսբուքյան տարածքում, որտեղ ընդունված է կարծել, որ հասարակության առավել ակտիվ ու առաջադեմ զանգվածն է հավաքված, Սինեմա Սթարի կողմից այս ֆիլմը ցուցադրությունից հանելու պատմությունն այնպիսի թեժ քննարկման արժանացավ, որի հետ մեկ էլ Անժելա Սարգսյանի պատմությունը կարող է մրցել: Անշուշտ, վաղը-մյուս օրը, երբ կպարզենք, որ Սովետմիության վատ տարբերակն արդեն իրականություն է, որ մենք մի միության անդամ ենք, որտեղ մեզ ոչ մի լավ բան չի սպասվում, հայի հետին միտքը կսկսի աշխատել ու ծնկներին տալ: Բայց արդեն ուշ կլինի՝ կպարզվի, որ մենք Ռուսաստանի մեծապետական ծրագրերի մասնակիցն ենք ու ծափ տվողը: Որ տնտեսական առումով մենք ոչ թե շահել ենք, այլ կորցրել՝ գների արդեն իսկ կանխատեսվող բարձրացումը մեր հազիվ երերացող տնտեսությունը լրիվ կտապալի: Բայց ամենամեծ կորուստը կունենանք մարդու իրավունքների եւ ազատությունների առումով. Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան եռյակում տիրող վիճակն աչքներիս առաջ է՝ սարսափեցնող ու մտահոգիչ: Եվ առնվազն տարակուսելի է այն թեթեւամտությունը, այն անտարբերությունը, որ ցուցաբերում է մեր հասարակությունն այս հարցի վերաբերյալ: Եթե միակ մխիթարությունը Ռուսաստանում բնակվող հայերի համար քիչ թե շատ բարվոք վիճակ ապահովելն է, ապա ակնհայտ է, որ այժմ արդեն մերոնք բազում խնդիրներ ունեն, եւ դրանց մեծ մասը պայմանավորված է ռուս հանրության վերաբերմունքով եւ պետության ոչ ժողովրդավար լինելով: Եթե խնդիրը մեր անվտանգությունն է, ապա վտանգը հենց հյուսիսից է գալիս:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը