Հանրապետական կուսակցության երիտկառույցի ներկայացուցիչները մտածողությամբ, աշխարհայացքով, դիրքորոշումներով, ձգտումներով, նպատակներով, գործունեությամբ, նույնիսկ ֆիզիկական կառուցվածքով չեն տարբերվում ՀՀԿ ավագ սերնդից: Սա պարզապես «մթերակայան» է, որտեղ հավաքվում են ու, ըստ «կարողությունների», բաշխվում տարբեր ուղղություններով: Այս տիպի կառույցի ղեկավար լինելու համար ոչ տարիքային ցենզ է հարկավոր, ոչ էլ թարմ ուղեղ ու գաղափարներ, միայն հրահանգները կատարելու պատրաստակամություն: Սակայն տարիների փորձը ցույց է տվել, որ, ամեն դեպքում, չգրված տարիքային ցենզ կա: Կուսակցությունների երիտթեւերի ղեկավարներն ինչ-որ փուլից լքում են «մսուրն» ու անցնում ավագ խումբ: Արմեն Աշոտյանը, օրինակ, բավականին վաղ լքեց, գուցե այն պատճառով, որ ավելի արագ հասունացավ ու շուտ կողմնորոշվեց: Իսկ, ասենք, Կարեն Ավագյանն այս տարի կբոլորի 40-ը, որը, հոբելյանական լինելուց բացի, նաեւ շրջադարձային է մարդու կյանքում, բայց ոչ Կարեն Ավագյանի: Նա ինչպես եղել, այնպես էլ մնում է «երիտասարդ»՝ երիտթեւի ղեկավար: Թեեւ չենք կարծում, որ նրան էլ են ցողունային բջիջների պատվաստում արել. նրա երիտասարդությունը վերադարձնելու վրա միջոցներ ծախսող դժվար թե գտնվի: Մինչդեռ իրապես երիտասարդ շատ ՀՀԿ-ականներ, որոնք իրենց նվիրյալ լինելը բազմիցս ապացուցել են, հույսով սպասում են, որ Կարեն Ավագյանի 40-ամյա հոբելյանն իրենց առջեւ նոր դռներ կբացի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի մատաղ սերնդի դրսեւորման վերջին առիթը Տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի թեկնածուականի պաշտպանությունն էր, երբ ՀՀԿ երիտընտրանին սեռական բնույթի հայհոյանքներով լրագրողներից պաշտպանում էր Տարոնին, եւ այդպես էլ չթույլատրեցին, որ լրագրողները մասնակցեն քաղաքապետի ատենախոսության պաշտպանությանը: Կարեն Ավագյանին հայ հանրությունը լավ է հիշում փուչիկների խայտառակ պայթյունից, երբ երիտկարիերիստների մոտ հույսեր արթնացան, որ նման խայտառակ միջադեպի գլխավոր մեղավորին եթե անգամ չնստեցնեն, գոնե կհեռացնեն ասպարեզից: Բայց՝ ավաղ: Մի պահ անգամ շրջանառվեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի անունը, թե ԱԺ ղեկավարությունը մտադիր է նրան Կարեն Ավագյանի փոխարեն նշանակել: Սակայն Կարենն այդ փորձությունն էլ «հաղթահարեց»: Այսօր էլ երիտթեւում շարունակում են մոլեգնել կարիերիստական ձգտումներն ու պսպղացող աչքերով աթոռի սպասումները: Ինչո՞ւ ՀՀԿ երիտթեւում փոփոխություն տեղի չի ունենում, մի՞թե «արժանի» իրավահաջորդ չկա: Այս հարցի պատասխանը չգիտեր նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի համար պատասխաններ ունեցող Կարեն Ավագյանը: «Նման հարց չկա, երբ որ նման հարց լինի, անպայման դուք էլ կիմանաք, դա որոշվում է կուսակցության ղեկավարի եւ ղեկավար մարմնի կողմից»,-ասաց նա: Կուսակցության կանոնակարգում երիտթեւի ղեկավարի նշանակման-ազատման մասին որեւէ կետ չկա, եւ ամեն պահի կարող է փոփոխության որոշում կայացվել: «Հիմա հարմար են գտնում, որ ես ղեկավարեմ, ես անում եմ սիրով: Երբ կուսակցության ղեկավար մարմինը նպատակահարմար գտնի՝ կփոխի: ՀՀԿ երիտասարդական կառույցը 10-20 հոգի չի, մի քանի հազարի մասին ա խոսքը, եւ ես չեմ կարծում, որ տարիքը որեւէ նշանակություն կունենա: Ինձ համար հայտնություն է, որ խոսում են՝ խմորումներ կան: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է մտահոգում իմ մնալը»,- նախահարձակ եղավ նա: «Ես ինձ հոգով բավականին երիտասարդ եմ համարում, սա կարող եք դնել վերնագիր»: Ավելին, հոգով մանուկ էլ է, դա շատ պարզ երեւաց փուչիկների ավանտյուրայի ժամանակ: Մի բան պարզ է՝ եթե Կարեն Ավագյանին հանեն կամ նեղացնեն, ո՞վ է անելու նրա գործը. Ֆեյսբուքում սրան-նրան շշպռել, առիթ-անառիթ մեջ ընկնել ու ընդդիմությանը խարազանող ելույթներ ունենալ, տարբեր մութ գործարքներ անել ու մութ փողեր լվացող կառույցներ ղեկավարել ամեն մեկը չի կարողանա:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը