Որոտանի ՀԷԿ-երի կասկադի առքուվաճառքի գործարքն ամերիկյան ընկերությանը, ըստ մեր աղբյուրների, շատ ավելի քաղաքական, քան տնտեսական էր: Հետաքրքիր է նաեւ գործարքի կայացման ժամկետը. նկատի են առնվում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները եւ Արեւմուտքի առաջխաղացումն այդ «ֆրոնտում»: Ըստ նույն աղբյուրների` ռուսական կողմն անում էր ամեն ինչ, որպեսզի գործարքը տեղի չունենա: Բանն այն է, որ Որոտանի ՀԷԿ-ի արտադրած էներգիան վաճառվում է Իրանին` Իրանից Հայաստան ներկրվող գազի դիմաց: Ամերիկյան ընկերության հետ առքուվաճառքից հետո, փաստորեն, խախտվեց ոչ միայն Հայաստանում էներգետիկ ոլորտում ռուսական մոնոպոլիան, այլեւ, ինչպես կասեր ոչ անհայտ Մեթյու Բրայզան, տեղի ունեցավ դիվերսիֆիկացիա` Հայաստանը վերածելով բուֆերային գոտու, որտեղ կամրագրվի Իրան-ԱՄՆ նոր ստեղծվող հարաբերությունների կմախքը. այն է` Իրանի նկատմամբ էներգետիկ կոշտ էմբարգոներ կիրառող ԱՄՆ-ն այսօր ինքը կքանդի տաբուն եւ էներգիա կմատակարարի Իրանին: Երեկ ողջ օրը` երկար հարցումներից հետո, մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել` պահպանվե՞լ է այդ դրույթն ամերիկյան ընկերության հետ կնքված պայմանագրում, եթե այո` ի՞նչ ձեւակերպմամբ:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը