ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին բոլորի համար անսպասելի հայտարարեց, որ գազային հարցերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով «անպայման» ստեղծվելու է: Մինչդեռ փոշմանումից մեկ օր առաջ խորհրդարանի իշխող մեծամասնությունը տապալեց ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած «ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Ի՞նչ փոխվեց մեկ օրում, արդյո՞ք ՀՀԿ-ն որոշել է բացահայտել, թե ինչպես է գոյացել 300 միլիոն դոլար գազի պարտքը, եւ ինչպես է ստացվում, որ սպառողներին գազը գրեթե կրկնակի թանկ գնով է հասնում, քան սահմանին:
Կամ, առհասարակ, կարո՞ղ են ինչ-որ բան փոխել այդ հանձնաժողովներում ծավալված քննարկումները: Թե՞ այս հանձնաժողովի ստեղծմամբ իշխանությունը հերթական անգամ «կուտ» է տալիս ընդդիմադիրներին, միակ նպատակը՝ մթնոլորտը լիցքաթափելն է, հատկապես առաջին անգամ չէ, որ իշխանությունը երբեմն-երբեմն ընդառաջում է ընդդիմության պահանջներին, բայց վերջնարդյունքում ոչ մի թիզ չի զիջում: Թարմ օրինակ՝ ՍԴ-ն շաբաթներ առաջ կասեցրեց պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի օրենքի որոշ դրույթներ, բայց գործընթացները ցույց են տալիս, որ մարտի 28-ին ՍԴ-ն օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական չի ճանաչի:
«Ճիշտն ասած՝ այնքան մութ է այս ամենը, որ ինչ-որ բան ասելը տրամաբանությունից դուրս կլինի»,- մեզ հետ զրույցում ՀՀԿ դիրքորոշման առիթով ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Եթե քաղաքական մեծամասնությունն արդեն դեմ է քվեարկել, իսկ մենք գիտենք, թե որ դեպքում է այդպես միակամ դեմ քվեարկում, ուրեմն Հովիկի ասածը կամ լրագրողներն են խեղաթյուրել, ես նույնիսկ կասկածում եմ, որ Հովիկ Աբրահամյանը նման բան է ասել, գուցե հումո՞ր է արել»: Տիկին Սարգսյանի խոսքով, նախ պետք է հասկանալ, թե ինչու են մի քանի ժամվա ընթացքում փոշմանել եւ ինչ նպատակ են հետապնդում. «Եթե փոշմանել են, թող վերաքվեարկեն, որից հետո պարզ կդառնա իշխանության նպատակը: Մինչեւ չհասկանալ, թե ինչու են փոշմանել, այդ խաղի մեջ մտնելն անիմաստ եմ համարում, որովհետեւ՝ այո, դա կարող է հերթական բլեֆը լինի, որից չի շահի ոչ երկիրը, ոչ քաղաքական ուժերը, ոչ ժողովուրդը»:
Ընդհանրապես ի՞նչ կարող են տալ պահանջված հանձնաժողովի քննարկումները: «Ամեն դեպքում, հնարավորություն կտար այդ փաստաթղթերն ավելի խորությամբ ուսումնասիրել, եւ մեր ընդհանուր մոտեցումը գուցե պարտադրեր իշխանություններին, ինչպես նաեւ մյուս կողմին (նկատի ունի «Գազպրոմ Արմենիա»-ին՝ Լ. Շ.) հաշվի նստել ժողովրդի ցանկությունների եւ պահանջների հետ եւ որոշ դրույթներ փոփոխության ենթարկել, ու նաեւ պետք է հարգել երկիրը: Եթե նույնիսկ իշխանությունը շատ թույլ դիրքերում է, ապա չի կարելի դա շահարկել եւ Հայաստանի համար վտանգավոր գործարքներ կնքել: Եթե իշխանությունները մի քիչ ողջամիտ լինեին, ապա, միանշանակ, թեկուզ մեզ օգտագործելով, մեր դիրքորոշումը հարգելով, պիտի հնարավորություն տային այդ համաձայնագրերը նորից բերել ԱԺ եւ վավերացման նոր գործընթաց սկսել»: Արդեն գործող համաձայնագրերում փոփոխություններ իրականացնելու համար պետք է վերաբանակցել, իսկ դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի՝ հայկական եւ ռուսական կողմի քաղաքական կամքը: «Ողջամիտ» չլինելու մեջ մեղադրում են նաեւ ընդդիմադիրներին, որոնք լուրջ քայլեր չձեռնարկեցին եւ հասարակությանը չմոբիլիզացրին՝ ստեղծելով դիմադրություն: Բայց տիկին Սարգսյանը համաձայն չէ եւ ասում է, որ ինչ արվել է ոչ իշխանականների կողմից, ավելին հնարավոր չէր անել. «Այն շարժումները, որոնք սկսվեցին կուտակայինի, ինչու ոչ՝ նաեւ տրանսպորտի ուղեվարձի թանկացման համար, ցույց են տալիս, որ այդքան մեծ քանակությամբ գիտակից քաղաքացիներ ունենք, ու պետք չէր հատուկ կոչեր անել: Մեր ելույթները մամուլով, ԱԺ ամբիոնից ուղիղ կոչ էին ժողովրդին, որ մի թույլ տվեք: Բայց չէ՞ որ մենք չենք կարող ամեն մի օրինագծի համար ժողովրդին ոտքի հանել, դա ժողովուրդը պիտի գիտակցի եւ աջակցի քաղաքական ուժերին: Այսօր երկրում այլեւս ամեն ինչ կախված է ժողովրդից, ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ որեւէ բարեփոխում իրականացնել, եթե ժողովուրդն ամուր կանգնած չէ իր իրավունքները պաշտպանելու հարցում»: Ուշագրավ է, որ գազային համաձայնագրերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկին դեմ չեն արտահայտվել նաեւ որոշ ՀՀԿ-ականներ, ինչը ցույց է տալիս, որ իշխանության ներսում էլ է դժգոհություն հասունանում: Արթուր Գեւորգյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Գարեգին Նուշիկյանն օրինակ՝ ձեռնպահ են քվեարկել, իսկ Մհեր Սեդրակյանը, Մանվել Բադեյանը, Սպարտակ Մելիքյանը եւ Շուշան Պետրոսյանը չեն մասնակցել քվեարկությանը: Մանվել Բադեյանը մեզ հետ զրույցում, սակայն, ասաց, թե ինքը «դեմ» է քվեարկել, ուղղակի համակարգը լավ չի աշխատել: Նշենք, սակայն, որ ԱԺ պաշտոնական կայքում նման շտկում մտցված չէ, ինչն արվում է նման դեպքերում: Փոխարենը, նրա թիմակից Արթուր Գեւորգյանն առանց երկնչելու խոստովանեց, որ ձեռնպահ է քվեարկել: «Ես դեմ չեմ, որ այդպիսի հանձնաժողով ստեղծվի»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց նա: Իսկ թե ինչու փոշմանեցին ՀՀԿ-ականները, Մանվել Բադեյանը շշմեցնող պատասխան տվեց. «Ոչ մի բան էլ չի փոխվել, մենք ի սկզբանե կողմ ենք եղել այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, մենք ուղղակի դեմ էինք օպոզիցիայի մատուցման ձեւին, եթե նրանք նախագիծ ունեին հանձնաժողով ստեղծելու, մեզ պիտի առաջարկեին, իսկ նրանք ուզում էին մատուցել հասարակությանը իբրեւ իրենց նվաճում»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ ԱԺ-ում որեւէ մեկը դեմ չէ նման հանձնաժողով ստեղծելուն: «Ուղղակի օպոզիցիոն ուժերի կողմից էթիկայի խախտում էր, դրա համար մերժվեց, ոչ թե բովանդակության: Իրանք իրար գլխի, իրար մեջ հավաքվել, որոշում էին կայացրել, դա ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին է խոսքը, ԱԺ մեծ հատվածի: Ի՞նչ են իգնորի ենթարկում մեզ, անտեսում են, թե իրանք եսիմինչ են արել, հա՞: Է, մենք կանենք»: Բադեյանն ասաց, որ հիմա իրենց նախաձեռնությամբ կստեղծվի այդ հանձնաժողովը: Ի՞նչ կփոխեն այդ քննարկումները: «Այսինքն՝ ուզում եք կանխակալ վերաբերմունք հայտնեմ, հանձնաժողովը հենց նրա համար է, որ ուսումնասիրի, ես նախօրոք ի՞նչ ասեմ, ասեմ՝ կարող է, թե չի՞ կարող»:
Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ «Հրապարակ» օրաթերթ