Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ ոչ իշխանական խորհրդարանական չորս ուժերի շաբաթօրյա հանրահավաքը, որոշ տեղեկություններով, ընդվզման ալիք է բարձրացրել նաեւ ԲՀԿ-ում, ավելի ճիշտ՝ կուսակցության գործարար հատվածի մոտ, քանի որ Ազատության հրապարակի հարթակից, մասնավորապես, ՀԱԿ կուսակցականների կողմից նաեւ իշխանափոխության կոչեր են հնչեցվել: Գործարար հատվածը չի ցանկանում հերթական փորձության ենթարկվել եւ փչացնել հարաբերություններն իշխանությունների հետ: ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից Արագած Ախոյանը, ով զբաղվում է էլիտար շենքերի շինարարությամբ եւ «Հայկ Արշին» շինարարական ընկերության սեփականատերն է, նշեց, որ կուսակցության օրակարգում իշխանափոխության հարց չկա:
— Պարոն Ախոյան, Դուք մասնակցե՞լ եք շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքին:
— Ոչ, որովհետեւ ես Անկարայում էի, Հրանտ Դինքի սպանության տարելիցին նվիրված ֆորումին էի մասնակցում, ելույթ եմ ունեցել շատ լավ: Վերադարձել եմ երկուշաբթի եւ չէի կարող մասնակցել:
— Եթե Հայաստանում լինեիք, կմասնակցեի՞ք հանրահավաքին:
— Դե, եթե նպատակահարմար գտնեի, կմասնակցեի:
— Ինչպե՞ս եք ընդունում չորս ուժերի համագործակցության փաստը:
— Ես մի բան կարող եմ ասել, չէ՞ որ մենք որդեգրել ենք այնպիսի քաղաքականություն, որը պետք է ժողովրդի շահերից ելնելով իրականացնենք: Եթե նման համագործակցությունը բխում է ժողովրդի շահերից, ես նորմալ եմ վերաբերվում: Մենք գիտենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը համահունչ չէ այսօրվա գոյություն ունեցող մեր տնտեսական վիճակին եւ, բնականաբար, բերելու է չորս ուժերի համալիր ծրագիր:
— Բայց այդ հանրահավաքի օրը միայն կուտակային կենսաթոշակային համակարգի մասին չխոսվեց, ելույթներ եղան նաեւ իշխանափոխության պահանջով:
— Ես չեմ կարող ասել, որովհետեւ տեղյակ չեմ, չեմ լսել, ինչպես ասացի՝ ես ճամփորդության էի:
— Ասում են, որ այդ ելույթները ձեր կուսակցությունում գործարար շերտի դժգոհությունն են առաջացրել:
— Անկեղծ ասած՝ եթե Դուք տեղյակ եք, ինչո՞ւ եք ինձնից նման բան հարցնում, ես որ տեղյակ չեմ՝ գոհ են, դժգոհ են, որովհետեւ ես չեմ մասնակցել այդ հանրահավաքին:
— Իսկ ձեր կուսակցության օրակարգում կա՞ իշխանափոխության խնդիր, թե՞ միայն լոկալ հարցերն են հուզում ձեզ:
— Կուսակցության օրակարգո՞ւմ… իշխանափոխության խնդի՞ր… Հարցը շատ, այսպես ասած, ռադիկալ էր, կարծում եմ, որ նման թեմայի դեռ չենք առնչվել եւ ոչ էլ ակնարկներ ենք տեսել կամ ստացել, նման հարց չկա: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը մյուս ուժերի հետ լինելու է ընդամենը այն հարցերի շուրջ, որոնք կբխեն մեր քաղաքական դիրքորոշումից:
— Այս օրերին Ուկրաինայում հեղափոխական հզոր ալիք է բարձրացել, որի առիթը դարձել է Մաքսային միությանն անդամակցության թեման: Մեր երկիրն այս հարցում արդեն որոշում ունի, եւ տեսակետներ կան, որ դրանք մեր ինքնիշխանությանը լուրջ սպառնալիք են: Ի՞նչ եք կարծում՝ հարկ եղած դեպքում չորս ուժերին եւ քաղաքացիներին կարո՞ղ է միավորել այս թեման:
— Չեմ կարծում, որովհետեւ ես Մաքսային միության վերաբերյալ իմ կարծիքն ասել եմ եւ դրական եմ վերաբերվում: Հիշում եք, թե որքան գումարներ ներդրվեցին խորհրդային կարգերը փլուզելու համար, հետո ռուբլու գոտուց անցում եղավ եվրոյի գոտի: Ես այդ տարիները միայն դրական եմ գնահատում: Մաքսային միության անդամները լայն հնարավորություններ ունեն արդյունաբերության եւ տնտեսության զարգացման համար, որը կնպաստի երկրի զարգացմանը: Ի վերջո, չմոռանանք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական բարեկամն է:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը